Ընդհանուր տեղեկություններ
Ընդհանուր տեղեկություն մարզի վերաբերյալ
Տարածքը` 270399 հա
Բնակչությունը` 143356 մարդ
Քաղաքային բնակավայրեր` 5
Գյուղական բնակավայրեր` 60
4 խոշորացված համայնք
Բնակավայրեր՝ 65
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն ընդգրկում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանները: Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին, ունի մոտ 250կմ միջպետական սահման, որից 207 կմ-ը Ադրբեջանի, 43 կմ-ը` Վրաստանի:
Մարզկենտրոնն է Իջևան քաղաքը:
Մարզի տարածքը կազմում է 2704ք.կմ., ընդհանուր հողատարածությունը` 270393հա, որից գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 105931.2հա կամ ընդհանուր տարածքի 39.2%-ը: Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, բնակչության խտությունը 1ք.կմ-ի վրա կազմում է 53 մարդ:
Մարզն ունի 5 քաղաք (Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում) և 60 գյուղական բնակավայր: Բնակավայրերից 46-ը ՀՀ կառավարության 17.11.1998թ.-ի թիվ 713 որոշմամբ համարվում են սահմանամերձ, որոնցից 27-ը՝ ՀՀ կառավարության 18 դեկտեմբերի 2014թ․ թիվ 1444-Ն որոշմամբ օգտվում է սոցիալական աջակցության ծրագրից:
Մարզի բնակչությունը կազմում է 143,4 հազ. մարդ, որից 57.4 հազ. բնակվում են քաղաքներում: Տղամարդիկ կազմում են բնակչության 48.5%-ը, կանայք` 51.5%-ը:
ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Ծովի մակերևույթից ամենացածր կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2993մ: Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։ Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուռ գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։ Բնական լիճը Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։
Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառը անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել է Դիլիջանի ազգային պարկը և Իջևանի անտառային այգին` դենդրոպարկը։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի ծավալման համար։
ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանցի վանքը։ 1998թ.-ին մարզկենտրոն Իջևանում օծվեց ս.Ն.Շնորհալի եկեղեցին,իսկ 2012թ. Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
Մարզի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր՝Դեբեդ, Աղստև, Պաղ ջուր, Տավուշ և այլ գետեր: Ոռոգման նպատակով կառուցված է 4 մեծ ջրամբար /Ջողազի (45 մլն խմ), Հախումի (12 մլն խմ), Տավուշի (5 մլն խմ), Այգեձորի (4 մլն խմ/։ Ընդհանուր ծավալը կազմում է 66 մլն խմ: Կառուցված է 56 ջրհան կայան, արտաքին ցանցի երկարությունը կազմում է 178կմ, ներքին ցանցինը՝ 548կմ։
Մարզի կենտրոնով անցնում է Հյուսիսային Կովկաս-Թբիլիսի-Երևան գազատարը։
Մարզով ձգվում են 152.6կմ միջպետական, 281.7կմ հանրապետական և 330.8կմ տեղական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ: Մարզի հյուսիսային սահմանի երկայնքով` Դեբեդի ափով անցնում է Երևան-Թբիլիսի երկաթուղու 7կմ հատվածը։
Մարզի գյուղացիական տնտեսությունները զբաղվում են այգեգործությամբ, անասնաբուծությամբ, բուսաբուծությամբ, մեղվաբուծությամբ և կերարտադրությամբ:
Մարզը համեմատաբար աղքատ է օգտակար հանածոներով։ Արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, ֆելզիտը։ Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով: Դիլիջան քաղաքում գործում են երկու հանքային ջրերի գործարաններ` <<Դիլիջան>> և <<Էմ Այ Բի Քոնսալթինգ>> ՍՊԸ:
Մարզի արդյունաբերության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է։ Առավել գերակշռող են թեթև արդյունաբերությունը, սննդարդյունաբերությունը, քարամշակումը։ Մարզում արտադրվում է բենտոփոշի, երեսապատման սալիկներ, գինիներ, պահածոներ և այլն: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են արտահանվում տեքստիլ արտադրանք /տարբեր տեսակի արտահագուստներ, բանվորական ձեռնոցներ/, գինիներ, օղիներ, կոնյակներ, հանքային ջրեր, գարեջուր, գյուղ մթերքներ և այլ արտադրատեսակներ։
2024թ.-ի հունվարի մեկի դրությամբ մարզում գործում են 895 առևտրի, 155 հանրային սննդի և 195 կենցաղային ծառայությունների օբյեկտներ, 1 գյուղատնտեսական և 1սպառողական ապրանքների շուկաներ և 67 այլ օբյեկտներ:
Տավուշի մարզում գործում են 81 հանրակրթական դպրոց, 1 ռազմամարզական վարժարան, 14 երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոց, 4 մարզադպրոց, 54 նախադպրոցական հաստատություն, պետական 5 միջին մասնագիտական հաստատություն, 2 պետական և 1 մասնավոր ԲՈՒՀ, 19 մշակույթի տուն և ակումբ / կան նաև մասնաճյուղեր/, 1մարզային և 22 քաղաքային և գյուղական գրադարաններ, 4 զբոսայգի, 2 պատկերասրահ, 4 թանգարան:
Առողջապահության համակարգը ներկայացնում են մարզպետի աշխատակազմի ենթակայության 3 ‹‹Բժշկական կենտրոն›› ՓԲԸ-ներ և 1 ‹‹Բժշկական կենտրոն›› ՍՊԸ,1 առողջության առաջնային պահպանման կենտրոն ՓԲԸ, 8 առողջության առաջնային պահպանման կենտրոն ՊՈԱԿ-ներ, 3 գյուղական բժշկական ամբուլատորիաներ ՀՈԱԿ-ներ, 7 գյուղական բժշկական ամբուլատորիա ՊՈԱԿ-ներ 3 ‹‹Առողջության կենտրոն ››ՊՈԱԿ-ներ, 2 ՍՊԸ-ներ:
Տավուշի մարզում գործում է մեկ մարզային «Տավուշ» հեռուստաընկերություն: