Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կանոնադրություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1796-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։
2. «Սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Բերդի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության և Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։
(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Տավուշի  մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

      Հայաստանի Հանրապետության
      վարչապետ                                                                    Ա. Մարգարյան

 

2002 թ. նոյեմբերի 14
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1796-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Տավուշի  մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։
2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։
3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից։ Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։

II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։
5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետին Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է։
6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա։
7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ։
9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։
10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով։
11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով։ Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը։
13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ։
14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Իջևան,Սահմանադրության հրապարակ։

III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում։ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը։
16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրվող կոնկրետ հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ։
17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը։ Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը։
(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն)
18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում է մարզպետարանի աշխատակազմը և դադարեցնում նրա գործունեությունը.
բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։
19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար։ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար։
21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի և մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները։
22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ։
23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝
ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
ե1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.
զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև՝ մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
(23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն, 10.12.09 N 1424-Ն)
24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները։
(24-րդ կետը փոփ. 10.12.09 N 1424-Ն)
25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար։

IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում։
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն։
27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը։
28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակների ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը։

V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները։
30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից։

VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր։
32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։

 

      Հայաստանի Հանրապետության 
      կառավարության աշխատակազմի
      ղեկավար-նախարար                                                       Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1796-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային uտորաբաժանումներ
1. Վարչություններ
Ֆինանuական և uոցիալ-տնտեuական զարգացման վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեuության և բնապահպանության վարչություն
Կրթության, մշակույթի և uպորտի վարչություն
Առողջապահության և uոցիալական ապահովության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Իրավաբանական բաժին 
Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին 
Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժին
(3-րդ կետը լրաց. 29.12.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն)
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Իջևանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Բերդի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
(2-րդ բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն)

 

       Հայաստանի Հանրապետության
       կառավարության աշխատակազմի
       ղեկավար-նախարար                                                    Մ. Թոփուզյան
 


 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-20 16:08:40