Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձանները

 ՀՀ Տավուշի մարզը հարուստ է ինչպես բնական մեծ ժառանգությամբ՝ գեղատեսիլ ձորեր, ջրվեժներ, քարափներ, սարավանդներ, բացատներ, բնական ջրամբարներ, քարայրներ, եզակի ծառատեսակների պուրակներ, տարաշխարհիկ ծառեր և թփեր, այնպես էլ մարզին մի ուրույն գեղեցկություն և գրավչություն հաղորդող անձեռակերտ բնության հրաշալիքներին համահունչ բնակիչների կողմից կերտված պատմաճարտարապետական հուշարձաններով: Այստեղ հայտնաբերված են տարբեր ժամանակաշրջանների կիկլոպյան ամրոցներ, միջնադարյան քարանձավային բնակավայր Լաստիվերում, ինչպես նաև վաղ, միջին և ուշ միջնադարյան վանական համալիրներ, փոքրիկ մատուռներ, խաչքարեր և գերեզմանաքարեր:

  ՀԱՂԱՐԾԻՆ

Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 18 կիլոմետր հեռու, Իջևան տանող խճուղուց մոտ յոթ կիլոմետր հեռավորության վրա։ Հարավային կողմում գտնվող ձորակում հոսում է Հաղարծին գետակը, իսկ արևելյանով՝ Մեծ Աղբյուրը։

   Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի՝ ս. Աստվածածին, ս. Գրիգոր և ս. Ստեփանոս։ Հուշարձանախմբի մեջ մտնում է նաև հայկական ինքնատիպ մի հոյակապ սեղանատուն, երկու գավիթ։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։

   Սուրբ Աստվածածնի տաճարը բավականին բարձր շինություն է։ Հատակագծում ունի խաչի տեսք։ Կառուցված է հայկական գմբեթավոր տաճարի ոճով, բարձրանում է չորս կամարներով, առանց սյունաշարի։ Կառուցված է 1071 թվականին։ Վերակառուցվել է 1281 թվականին։ Ավելի լավ է պահպանվել և ս. Աստվածածին եկեղեցին։ Ընդ որում մյուս երկուսը խախտված վիճակում են։

   Ս. Գրիգոր եկեղեցին կառուցվել է 10—11-րդ դարում: Իսկ գավիթը՝ 13-րդ դարում։

  Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1244 թվականին, որը ինքնին ս. Աստվածածին եկեղեցու փոքրածավալն է և գտնվում է նրանից աջ։

  Նշանավոր է նաև Սեղանատունը, որը կառուցվել է 1248 թվականին, Մինաս ճարտարապետի կողմից։ Վերևում գտնվում են երկու գմբեթ, որոնք լուսավորում են սեղանատունը և հիշեցնում են հայկական ազգային երդիկները։ Ճշմարիտ է ասված, որ Հաղարծինի սեղանատունը իրոք որ հայկական դասական աշխարհիկ ճարտարապետության գլուխգործոց է, թե՛ ծածկի կոնստրուկցիայով և թե՛ ներքին տարածության կազմակերպումով։

Հաղարծինի վանքային համալիրը բնության և ճարտարապետության մի սքանչելի ներդաշնակություն է։

 



ԳՈՇԱՎԱՆՔ

Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. Կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը: Գոշավանք (Նոր Գետիկ վանք) անունն ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:
Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության` կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե մատուռի ճարտարապետը Մխիթար Հյուսնն է:
Գոշավանքում կրթվել և գործել են հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, որոնց հիմնադրած դպրոցներում շարունակվել են Գոշավանքի կրթամշակութային ավանդույթները:

 

Մակարավանք
Մակարավանք միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։
Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205թ.-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի` կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հյուսիս-արևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան)։
Մակարավանքի երկրորդ` հնագույն եկեղեցին (X-XI դդ.) համալիրի հյուսիս-արևելքում է, կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ XIIIդ. վերակառուցված ծածկը և գմբեթը` նույն տուֆի սրբատաշ քարերով։
Մակարավանքի գավիթը (1207թ.), որ արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից` գլխավորին, գրեթե քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Գմբեթի հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը։
Գավթի և համալիրի հնագույն եկեղեցու հյուսիս-արևելյան անկյունում պահպանվել են ուղղանկյուն հատակագծով, սպիտակավուն քարով շինված նշխարատան (XIIIդ.) պատերը։
Համալիրի արևելյան մասում կանգուն է վարդագույն և կարմրավուն անդեզիտի սրբատաշ խոշոր քարերով շինված, ներքուստ խաչաձև (եռաբսիդ, արևմուտքում ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ (գետնախարիսխը շրջանաձև է) կենտրոնագմբեթ հորինվածքով Ս.Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը` 1198թ.-ին։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռ։
Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Ախթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։

 

Կապտավանք
Կապտավանքը գտնվում է Տավուշի մարզի Չինչին գյուղից հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին:
Այն ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով, գմբեթավոր հորինվածք ունի: Մուտքերը հարավից և արևմուտքից են: Կառուցված է կոպիտ տաշված ֆելզիտից: Գմբեթի թմբուկի վերին շարքի և քիվի վրա որպես զարդաքանդակ փորագրված են խաչեր:
Չինչին գյուղի շրջակայքում պահպանվել են խաչքարեր (XIII-XVIIդդ.), գյուղատեղիներ, եկեղեցիներ, գերեզմանոցներ (XIII-XVIIդդ.), քարայրեր, ամրոց:

 

Լաստիվեր քարանձավ (Անապատ)
Ենոքավան գյուղը գտնվում է Իջևանից 10կմ հեռավորության վրա: Ենոքավանից 3կմ հեռավորության վրա Խաչաղբյուր գետի հիասքանչ ձորում է գտնվում Լաստիվեր-անապատ երկհարկ քարանձավը:
Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել տեղի բնակչությունը:
Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստիվեր» անունով:
Սենյակների պատերին ոմն նկարիչ թողել է գեղեցիկ խորաքանդակ: Կարելի է նկատել, որ այն պատկերում է հարսանիք: Հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով: Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է կազմում:

 

Դեղձնուտի վանք
(XII-XIII դդ.)
Դեղձնուտի վանքը գտնվում է Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից մոտ 15կմ հարավ-արևելք, անտառի խորքում։
Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից և մատուռից։ Շուրջը հին բնակավայրի ավերակներ են և գերեզմանոց։ Եկեղեցին կառուցված է սրբատաշ մուգ վարդագույն տուֆով, ունի «գմբեթավոր դահլիճի» հորինվածք։ Աբսիդի երկու կողմերում կան երկհարկանի ավանդատներ, որոնց երկրորդ հարկի մուտքերը բեմից են։ Պատերը դրսից մշակված են հարդարանքով հարուստ որմնակամարաշարով։ Գավիթը շինված է նույն քարից, ունի համարյա քառակուսի հատակագիծ։ Պատկանում է «կենտրոնակազմ, խաչվող կամարներին դրվող ծածկով» գավիթների տիպին և ունի XIIIդ. նվիրատվական արձանագրություններ:


Ջուխտակ վանք

Ջուխտակ վանքը գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։ Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում։ Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է («Ջուխտ»' նշանակում է զույգ):Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում։ կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7X7,5 մ) շինություն է։ Գտնվում է Աստվածածին եկեղեցուց 15 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Սուրբ Աստվածածինը։ Սուրբ Աստվածածինը ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ կառուցվել է 1201 թ.-ին վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ։ Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանի֊քով շինություն է(8,6X6,4 մ)։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր, որոնցից մեկը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու կիսակլոր ճակատակալ քարի վրա: Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Վանքի տարածքում նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։
 

 

 

Մաթոսավանքը

Այն գտնվում է Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք, Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին,
Շամախյան գյուղից ոչ հեռու:
Համալիրը բաղկացած Է միմյանց կից փոքր եկեղեցիներից, գավթից և գրատնից:
Հուշարձանախմբից հարավ-արևելք գտնվում Է գերեզմանոցը: Եկեղեցին կառուցվել Է 1205 թ, կիսամշակ խոշոր քարերով: Թաղակապ ծածկով, փոքր շինություն Է, մուտքը արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված Է հիմնադրման արձանագրությունը: Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր: Գավիթը արևմուտքից կից Է եկեղեցուն: Քառակուսի հատակագծով թաղածածկ, կիսամշակ քարերով, ներսից կրաշաղախով սվաղված շինություն Է: Լուսավորվում Է արևմտյան պատի լուսամուտից: Կան մի քանի տապանաքարեր: Գրատունը հյուսիսային կողմից հաղորդակից Է գավթին: Նույնպես թաղակապ, 4X3,5 մ չափերի շինություն Է: Մուտք ունի նաև արևելյան կողմից: Լուսամուտները բացվում են հարավային պատի մեջ:
Ունի երկու տաճար և մեկ գավիթ: Վանքի համալիրի մեջ մտնում է Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Ավագ Զաքարյանը, Իվանե Զաքարյանի որդին, 1247 թ: Այժմ կիսավեր է: Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ: Երբեմն նաև կոչվում է Պղնձահանք (Պղնձահանքի) Ս. Աստվածածին եկեղեցի:

 

Աղջկաբերդ)
Աղջկաբերդ (երբեմն՝ Աղջկա բերդ, Կըզ Կալա), ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով, մուտքի ներսում` փոքրիկ պահակատուն։
Աղջկաբերդ (երբեմն՝ Աղջկա բերդ, Կըզ Կալա), ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով, մուտքի ներսում` փոքրիկ պահակատուն։

Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի։ Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։
 

Կիրանցի վանքային համալիր
Աղջկաբերդ (երբեմն՝ Աղջկա բերդ, Կըզ Կալա), ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով, մուտքի ներսում` փոքրիկ պահակատուն։
XIII դ.
Կիրանց (մինչև 1967թ.-ը` Գետաշեն) գյուղը գտնվում է Տավուշի մարզում` Ւջևանից 18կմ հյուսիս։ Հիշատակվում է VII դարից` Կանեն անունով։ Կիրանցից արևմուտք գտնվում է Կիրանցի վանքային համալիրը (XIIIդ.)` բաղկացած աղյուսաշեն, սրբատաշ քարե մանրամասներով երեք եկեղեցուց, սրահ-գավիթներից, սեղանատնից, հարավից` բնակելի և տնտեսական շենքերից, կամարակապ մեծ դարպասով պարսպից։ Գլխավոր եկեղեցին մեկ զույգ մույթով գմբեթավոր շենք է, որի ութանիստ թմբուկով գմբեթը կրում են մույթերի ու բեմի աբսիդի անկյունների միջև ձգվող կամարները։ Աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ են։ Արևելյան ճակատը մշակված է զույգ եռանկյունաձև խորշերով։ Մուտքերի բացվածքների եզրերը, շարված սրբատաշ քարից, ծածկված են բուսական ու երկրաչափական զարդաքանդակներով։ Գմբեթի վերձիգ թմբուկի զարդագոտիները կազմված են աստղեր ու լուսին պատկերող բազմագույն ջնարակած սալիկներից։ Գլխավոր եկեղեցուն հյուսիսից և հարավից կից են մյուս երկու, միանավ դահլիճ տիպի եկեղեցիները։ Սեղանատունը, կառուցված անմշակ և կիսամշակված ավազաքարից, գետաքարից, երեք թաղակիր կամարներով մեծ թաղածածկ դահլիճ է և հանդիսանում է միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից մեկը։ Գլխավոր եկեղեցու և սեղանատան ներսը որմնանկարազարդ են, որոնց մակագրությունները վկայում են վանքի պատկանելությունը հայ քաղկեդոնականներին։
 

 

ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔ
Սրվեղի վանքը միջնադարյան հայկական վանք է և գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ, Խաչի Տակ կոչվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։
Համալիրի ընդհանուր վիճակը անբավարար է։ Սրվեղի վանքը կառուցվել է 13-րդ դարում։ Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, կառուցված թրծած աղյուսով։ Միայն պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Կիրանց հուշարձանախմբից հետո տարածաշրջանում սա երկրորդ աղյուսաշեն հուշարձանախումբն է։
Սրվեղի համալիրի վանքի ընդհանուր համալիրը բաղկացած է հետևյալ մասերից՝
• Սուրբ Աստվածածին
• Սուրբ Նշան
• Խուցեր
• Ձիթհանք
• Օժանդակ շինություններ (ժամանակին առնված են եղել շրջապարիսպի մեջ)
Վանքի տարածքում պահպանվել են բնակելի և տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր, գերեզմանոցներ։
Սուրբ Նշան եկեղեցի
Պատերի վրա կան արձանագրությոններ, որոնցից մեկը 1152 թվականի է։ ։ Հուշարձանի վրա կան նաև վերանորոգման վերաբերյալ արձանագրություններ։ Դրանցից մեկը գտնվում է մկրտության ավազանից վերև, որտեղ կարդում ենք. «1252 թիվ ես Արտաւագդ եւ Սարգս շինեցաք զեղեկեցիս ձեռամբ Յոհաննիսի”։
Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Համալիրի հյուսիսային կողմում պահպանվել են 19-րդ դարի Սուրբ Աստվածածին միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատերը։ Եկեղեցին կառուցվել էր կոպտաշար քարերից։
XIX դ. գլխավոր եկեղեցուց ոչ հեռու կառուցվել է Աստվածածին եկեղեցին։ Այն 1889 թ. կառուցել է գյուղի համայնքը՝ քահանա Տեր Հովհաննեսի առաջնորդությամբ։ Այդ մասին արձանագրված Է մկրտության ավազանի մոտ գտնվող քարին։ Սրվեղի շրջակայքում կան բազմաթիվ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր, թրծված կավե ջրատար խողովակներ։

 

 

 

 «ՀՀ Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի մասին մանրամասը տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով`

 

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:37:05