Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ
28.05.2026
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության ամենակարևոր և խորհրդանշական տոներից մեկի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
1918 թվականի մայիսի 28-ը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենավճռորոշ էջերից մեկը։ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մեր նախնիները կերտեցին անհնարինը։ Դարավոր ընդմիջումից հետո աշխարհի քարտեզի վրա վերածնվեց Հայոց անկախ պետականությունը՝ ապացուցելով, որ ազատ ապրելու կամքն ու սեփական հողը պաշտպանելու վճռականությունը հաղթում են ցանկացած արհավիրք։
Մայիսի 28-ի պատգամը մեկն է՝ միասնականություն, անկոտրում կամք և հավատ սեփական ուժերի հանդեպ։ Այսօր էլ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին, մենք պարտավոր ենք ամուր պահել այդ արժեքները։
Մեր մարզի և մեր երկրի շենացումը, անվտանգության ամրապնդումն ու հզորացումը կախված են մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա, նվիրված ու պատասխանատու աշխատանքից։
Այս տոնական օրը խոնարհումով ու երախտագիտությամբ ենք հիշում հանուն հայրենիքի իրենց կյանքը տված բոլոր հերոսներին։ Մեր պարտքն է՝ արժանի լինել նրանց հիշատակին և ամենօրյա աշխատանքով զարգացնել մեր երկիրը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։


