Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Իջևան համայնքի նորակառույց ամֆիթատրոնի հանդիսավոր բացման արարողությունը
20.05.2026
Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, ինչպես նաև ծրագրի իրականացմանն աջակցած այլ միջազգային գործընկերներ ու հյուրեր։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Իրենց խոսքում նրանք կարևորեցին համայնքում նմանատիպ մշակութային ենթակառուցվածքների հիմնումը, երախտագիտություն հայտնեցին միջազգային գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս նախագիծը նոր հնարավորություններ կբացի համայնքի երիտասարդության ստեղծագործական կյանքի աշխուժացման համար, ինչից հետո համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը խորհրդանշական նվերներ հանձնեց ՄԱԿ-ի ներկայացուցիչներին և Սերբիայի դեսպանին։
Օրն իսկական տոնի վերածեցին համայնքի շնորհալի երեխաները։ Նրանք հանդես եկան գեղեցիկ ու տպավորիչ կատարումներով, պարային ու երաժշտական հետաքրքիր համարներով՝ ներկաներին պարգևելով բարձր տրամադրություն։
Ամֆիթատրոնի բացումը նոր շունչ կհաղորդի Իջևանի մշակութային կյանքին՝ դառնալով սիրված վայր ինչպես տեղացիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։


