Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության բացման արարողությանը
02.05.2026
Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ տրվում է էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկ․ առաջինը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։
Վարչապետն ընդգծել է՝ այս գործընթացը լինելու է շարունակական և սա նոր փուլ է Հայաստանում՝ էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառը, բայց այս անգամ՝ այլ իմաստով և տրամաբանությամբ։
Հաջորդիվ վարչապետին ներկայացվել են ծառայության տեխնիկական և մարդկային ռեսուրսների համալրման գործընթացը։ Նշվել է, ծառայությունը համալրվել է 33 նոր ծառայողական ավտոմեքենաներով (պիկապներ), որոնք ամբողջությամբ կահավորված են ժամանակակից մոբայլ համակարգերով։ Նշված ավտոմեքենաներից 20-ը լրացուցիչ հագեցած են նաև հակահրդեհային տեխնիկայով։
Ծառայության կազմում ընդգրկված են 128 էկոպարեկներ, որոնք ապահովված են նոր համազգեստով և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Համազգեստին ամրացված են տեսանկարահանող սարքեր։ Էկոպարեկները նաև ապահովված են պլանշետներով, որոնք հագեցած են իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների ավտոմատ կազմման ծրագրերով, ինչպես նաև ծառայողական անհրաժեշտ այլ միջոցներով՝ ձեռնաշղթաներով և մահակներով։


