Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Բերդ համայնք
24.03.2026
Մարզպետին ուղեկցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Այցի շրջանակում մարզպետի առաջին կանգառը եղել է Պառավաքար բնակավայրը։
Պառավաքարում մարզպետը հանդիպում է ունեցել բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները։ Քննարկման ընթացքում բնակիչները ներկայացրել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ բնակավայրի ասֆալտապատման անհրաժեշտությունը, խմելու և ոռոգման ջրի ապահովման խնդիրները, մանկապարտեզի վերանորոգման հարցը։
Բացի այդ, բարձրաձայնվել են որոշ թաղամասերում գազիֆիկացման բացակայության, ինչպես նաև դպրոցում ջեռուցման համակարգի հետ կապված խնդիրները։
Բնակիչներն անդրադարձել են նաև գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերին՝ նշելով ոռոգման ջրի պակասը, հողերի արդյունավետ մշակման դժվարությունները, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերի հասանելիության և կիրառման հետ կապված խնդիրները։
Մարզպետը հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին ուսումնասիրել բարձրացված հարցերը և հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ։


