Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Նոյեմբերյան համայնքի բնակավայրեր
30.07.2025

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Պտղավան բնակավայր՝ տեղում դիտարկելու նոր կառուցվող դպրոցի շինարարության ընթացքը։ Այցի ընթացքում նա ծանոթացել է կատարվող աշխատանքներին, ուսումնասիրել շինարարության առաջընթացն ու պայմանները։
Շինհրապարակում մարզպետը հանդիպել է շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին, քննարկել շինարարական ծրագրի ընթացքն ու ներկայացրել որոշակի ցուցումներ՝ շինաշխատանքների որակը բարձր պահելու և դրանք սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ։
Հաղթանակ բնակավայրում այցի շրջանակներում մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները։ Նա այցելել է նաև մանկապարտեզ, դպրոց և բժշկական ամբուլատորիա՝ տեղում ծանոթանալով ենթակառուցվածքների վիճակին, ընթացիկ աշխատանքներին և առկա կարիքներին։ Մարզպետը կարևորել է համայնքային ծրագրերի շարունակականությունը և ընդգծել, որ մարզպետի աշխատակազմն աջակցելու է բնակավայրի զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։
Զորական բնակավայրում մարզպետը քննարկել է բնակիչների բարձրացրած սոցիալական և տնտեսական խնդիրները, անդրադարձել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Հայկ Ղալումյանն այցելել է նաև մանկապարտեզ, դպրոց և բժշկական ամբուլատորիա՝ տեղում ծանոթանալով կրթական ու առողջապահական հաստատությունների աշխատանքներին, պայմաններին և կարիքներին։
Այցի ընթացքում առանձնացվել են մի շարք առաջնահերթ ծրագրեր, որոնց իրականացման ուղղությամբ մարզպետի աշխատակազմը նախատեսում է հետևողական աշխատանք տանել։
Բերդավան բնակավայր այցի ընթացքում մարզպետը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել նրանց բարձրացրած խնդիրները և զարգացման հնարավորությունները։ Հայկ Ղալումյանն այցելել է Բերդավանի ամբուլատորիա, ինչպես նաև Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվող դպրոց, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։ Այցի արդյունքներով առանձնացվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ նախատեսվում է ձեռնարկել նպատակային քայլեր։
Կողբ բնակավայրում մարզպետը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները։ Նա նաև ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին՝ տեղում գնահատելով շինարարության ընթացքը և կատարված աշխատանքների որակը։