Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Տավուշի մարզի սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների հետ
28.07.2025

Այսօր՝ հուլիսի 28-ին, Տավուշի մարզպետի աշխատակազմում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Վերանյանը հանդիպել է Տավուշի մարզի սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների հետ։
Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի ներկայացուցիչ Վովա Ամիրխանյանը, ինչպես նաև Իջևան և Բերդ համայնքների գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ և սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողներ։
Քննարկվել է ՀՀ կառավարության 2024 թ. օգոստոսի 1-ի N 1/76-L որոշմամբ հաստատված «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագիրը», որի նպատակն է բարելավել սպանդանոցային ծառայությունների մատուցման որակը, ապահովել սննդամթերքի անվտանգության բարձր մակարդակ և աջակցել տնտեսվարողներին՝ սպանդանոցների արդիականացման, անհրաժեշտ սարքավորումներով և ենթակառուցվածքներով ապահովման միջոցով։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում արդեն իրականացված աշխատանքները, մսի մթերման և սպանդանոցային ծառայությունների մատուցման ընթացիկ խնդիրներն ու լուծումները, ինչպես նաև առաջիկա քայլերը՝ արդյունավետ սպասարկման ապահովման համար։
Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Տավուշի մարզպետի աշխատակազմի համապատասխան բաժնի հետ համագործակցությամբ մարզի համայնքներում ապրող տնտեսվարողներին ծրագրի բովանդակության և այն ստանալու կարգի մասին ավելի հանրամատչելի և հասկանալի ձևով ներկայացնելու համար։