Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվական հանդիպում Տավուշի մարզպետի աշխատակազմում՝ «Green Key Հայաստան» ծրագրի և կայուն զբոսաշրջության հնարավորությունների վերաբերյալ
17.07.2025

Հուլիսի 16-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր «Green Key Հայաստան» ծրագրի շրջանակում։ Հանդիպումը նախատեսված էր Տավուշի մարզի հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչների՝ հյուրատների, հյուրանոցների և հոսթելների համար։
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել կայուն զբոսաշրջությունը և նպաստել կանաչ սերտիֆիկացման գործընթացի զարգացմանը Հայաստանում։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի խորհրդական Անահիտ Ոսկանյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակից Շուշան Ասրյանը, ինչպես նաև «Այ Էս Էս Դի – Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» և «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ների անդամներ, հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչներ՝ Տավուշի մարզում գործող հյուրատներից, հյուրանոցներից և հոսթելներից։
Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց Green Key միջազգային սերտիֆիկացման համակարգը, դրա ստացման փուլերը և Տավուշի մարզի հյուրընկալության ոլորտի կազմակերպությունների համար նախատեսված համագործակցության հնարավոր ուղիները։
Միջոցառումն իրականացվել է «Այ Էս Էս Դի – Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի կողմից՝ համագործակցությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի և «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի։