Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են Հայաստանի ազգային արահետի կառուցման ընթացքն ու էկոտուրիզմի զարգացման հարցերը
15.07.2025

Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում էկոտուրիզմի զարգացման և Հայաստանի ազգային արահետի կառուցման հիմնահարցերը։
Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, գլխավոր մասնագետ Անահիտ Հակոբյանը, ավագ մասնագետ Հերմինե Դավթյանը, «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ զբոսաշրջության մասնագետ Գոռ Բեգլարյանը և PR ու մարքեթինգի մասնագետ Սվետլանա Եղիկյանը։
Հյուրերի կազմում էին էկոտուրիզմի աջակցման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Շահանե Հալաջյանը և Հայաստանի ազգային արահետ նախագծի ղեկավար Արաքսի Սահակյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են հետևյալ հիմնական թեմաները․
- Տավուշի մարզում մոտ 150 կմ երկարությամբ Հայաստանի ազգային արահետի կառուցման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր,
- Արահետի հնարավոր ազդեցությունը գյուղական համայնքների և տեղական բիզնեսների զարգացման վրա,
- Նոր բիզնես նախաձեռնությունների ձևավորման հնարավորությունները, որոնք կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին,
- Գոյություն ունեցող արահետների բարեկարգման ուղղությունները,
- Տեղացի երիտասարդության ներգրավումը բարեկարգման աշխատանքներին։
Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից առաջարկվել է ծրագրերում ընդգրկել Լուսաձորի Աղավնո քարանձավ տանող արահետի բարեկարգման աշխատանքները։
Կողմերը կարևորել են շարունակական համագործակցության անհրաժեշտությունը և հայտնել պատրաստակամություն՝ իրականացնել համատեղ նախաձեռնություններ։