Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին
08.07.2025

Հուլիսի 7-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին։ Հանդիպմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարները և ընտանեկան բժիշկներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզային բժշկական կենտրոններում և առողջության առաջնային պահպանման օղակում բուժսպասարկման և դրա հետ կապված մի շարք հարցեր։
Նախարարի տեղակալը կարևորել է դեղերի դուրսգրման էլեկտրոնային մեխանիզմի ներդրումը՝ ընդգծելով էլեկտրոնային առողջապահության համակարգին ամբողջությամբ անցնելու անհրաժեշտությունը։
Քննարկվել են հեռաբժշկության զարգացման հնարավորությունները, շտապ օգնության կանչերի արդյունավետ տարբերակման մեխանիզմները, էլեկտրոնային անաշխատունակության թերթիկների ներդրման ընթացքը, ինչպես նաև էլեկտրոնային դեղատոմսերի կիրառման ընդլայնումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապահովագրական բժշկության ներդրման առաջիկա քայլերին և խրախուսական վարձատրության համակարգի կատարելագործմանը։ Քննարկվել են նաև բարեփոխումները առողջապահական համակարգի ամբուլատոր օղակում։
Հանդիպման ավարտին մասնակիցներն իրենց հարցերն են ուղղել նախարարի տեղակալին և ստացել սպառիչ պատասխաններ։