Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
05.07.2025

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է՝ անկախության հաստատման կարևորագույն խորհրդանիշներից մեկի։ Այս կարևոր տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս։
1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, 1995 թ․ հուլիսի 5-ին ընդունվեց մեր երկրի Սահմանադրությունը, որը դարձավ մեր պետության զարգացման ուղենիշը։ Սահմանադրությունը ոչ միայն մեր պետականության մայր օրենքն է, այլև մեր ժողովրդի արժեհամակարգի, ազատության, իրավունքների ու պարտականությունների ամրագրումը։ Այն մեր քաղաքացիների ազատությունների, հասարակական հարաբերությունների կայունության և օրենքի գերակայության գլխավոր երաշխիքն է։ Սահմանադրության դերը անգնահատելի է մեր երկրի՝ որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման ու զարգացման հարցում։
Թող այս օրը ևս մեկ առիթ լինի մեր պետության նկատմամբ պատասխանատվության, քաղաքացիական գիտակցության և օրենքի հանդեպ հարգանքի վերահաստատման համար։
Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, միասնություն և նոր հաջողություններ՝ հանուն մեր հայրենիքի բարօրության։