Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Բերդ համայնքում էր
04.07.2025

Առաջին կանգառը Նավուր բնակավայրն էր, որտեղ մարզպետը մանրամասն ծանոթացել է մանկապարտեզի գործունեությանը և շենքային պայմաններին: Այցի ընթացքում գնահատվել են կրթական հաստատության նյութական-տեխնիկական բազան, շենքի ճարտարապետական վիճակը, ներքին միջավայրը և երեխաների համար ապահովված պայմանները:
Մարզպետ Հայկ Ղալումյանը հատուկ ուշադրություն է դարձրել մանկապարտեզի անվտանգության չափանիշներին և կրթական գործընթացի համար անհրաժեշտ տարածքների համապատասխանությանը: Քննարկվել են նաև հաստատության ներկայիս կարիքները և զարգացման հեռանկարները:
Մարզպետ Հայկ Ղալումյանի այցի երկրորդ կետը եղել է Չինչին բնակավայրը, որտեղ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ: Մարզպետը տեղում ծանոթացել է աշխատանքների ընթացիկ վիճակին, գնահատել է կատարվող շինարարական գործընթացների որակը:
Այգեստան փողոցի տուֆապատման աշխատանքները ներառում են հին ասֆալտային պատույթի հեռացում, հիմքի պատշաճ նախապատրաստում և նոր որակյալ ծածկույթի դասավորում: Մարզպետը գնահատել է կատարվող աշխատանքների որակը և հետևել է տեխնոլոգիական գործընթացի պահպանմանը:
Այնուհետեւ Հայկ Ղալումյանը ծանոթացել է Չորաթան-Արծվաբերդ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին:
Չորաթան /Արծվաբերդ-Չորաթան/ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար տրամադրվել է 390,718.6 հազար դրամ:
Մարզպետ Հայկ Ղալումյանը տեղում գնահատել է շինարարական աշխատանքների ընթացքը և որակը:
Մարզպետը ծանոթացել է նաեւ Արծվաբերդ բնակավայրի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին: