Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին
29.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով 5000 մետր մրցատարածությունը: ՀՀ 10 մարզերում և Երևան քաղաքում 2025 թվականի մայիս ամսվա ընթացքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի 1-ին՝ մարզային փուլը, որին 381 դպրոցի 2667 աշակերտ է մասնակցել:
Եզրափակիչ փուլի 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները:
Ավելին՝ այստեղ