Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Տավուշի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

26.12.2024

 Դեկտեմբերի 25-ին կայացավ Տավուշի մարզի խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որին մասնակցում էին նաև մարզի ուժային կառույցների, առողջապահական ու կրթական հաստատությունների ղեկավարներ, պետական այլ կառույցների պատասխանատուներ։ 

  Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Տավուշի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Հայկ Ղալումյանն այնուհետև ներկայացրեց 2024 թվականին մարզում կատարված աշխատանքները։ Անդրադարձ եղավ գյուղատնտեսական աշխատանքներին ու ՀՀ կառավարության կողմից ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքին։ Նշվեց, որ 2024 թվականին նախորդ տարվա 3481,1 տոննայի դիմաց մթերվել է 5953,6 տոննա խաղող՝ կիլոգրամը 140-250 դրամով։ Մթերող և վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է 829 տոննա բանջարեղեն և պտուղ-հատապտուղ: Ընթացքի մեջ են ՀՀ կառավարության որոշմամբ Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում տնամերձ այգիների հիմնման և ոռոգման արդիական համակարգերի անցկացման աշխատանքները։ Նշված բնակավայրերի 87 տնտեսությունների տնամերձ այգիներում իրականացվել են այգեհիմնման և կաթիլային ոռոգման աշխատանքներ:

    2023 թվականի համար վերջնական հաստատված 4,4 մլրդ. դրամ արժեքով 17 սուբվենցիոն ծրագրերից /ասֆալտապատում, ոռոգման համակարգերի արդիականացում, ջրամատակարարում և ջրահեռացում, պուրակների բարեկարգում, տեխնիկայի ձեռքբերում, ԲԲՇ-ների տանիքների հիմնանորոգում, փողոցների տուֆապատում, կանգառների կառուցում/ 8 ծրագիր տեղափոխվել է 2024 թվական: 2024 թ․ վերջնական հաստատվել է 20 սուբվենցիոն ծրագիր 5,9 մլրդ. դրամ արժեքով, որից 4-ը ավարտվել է ամբողջությամբ, 8 ծրագիր՝ մասամբ, իսկ 8 ծրագիր գտնվում է տարբեր փուլերում: Տարվա կարևոր ձեռքբերումներից է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում սահմանամերձ Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ և Բարեկամավան գյուղերի գազիֆիկացումը, որի համայնքի բաժին ներդրումը իրականացրել է ,,Վարդանյան ընտանիք,, բարեգործական հիմնադրամը։

  Դպրոցաշինության աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ ,,300 դպրոց 500 մանկապարտեզ,, ծրագրի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնվեց Կիրանցի 100 աշակերտի համար նախատեսված մոդուլային դպրոցը, ընդհանուր արժեքը՝ 680 մլն․ դրամ: Ավարտված է և մոտ օրերս շահագործման կհանձնվի Գանձաքարի դպրոցը, որի նախագծային հզորությունը 480 աշակերտի է, ընդհանուր արժեքը կազմում է 1,822 մլն․ դրամ: Ընթացքի մեջ է Դովեղի մոդուլային դպրոցը, որը նախատեսված է 100 աշակերտի համար: Աշխատանքներն սկսված են թվով 4 դպրոցում՝ Լուսաձորի կրթահամալիր, Պտղավանի կրթահամալիր, Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց և Այրումի միջնակարգ դպրոց: Նախագծային փուլում են գտնվում թվով 9 դպրոց ու կրթահամալիր՝ Գոշի, Նավուրի, Կոթիի միջնակարգ դպրոց, Արծվաբերդի թիվ 1 միջնակարգ դպրոց, Այգեձորի միջնակարգ դպրոց, Նոյեմբերյանի միջնակարգ դպրոց, Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոց, Աղավնավանքի և Ոսկեվանի կրթահամալիրներ: Սևքարի դպրոցի և Նորաշենի կրթահամալիրի աշխատանքները գտնվում են պայմանագրերի կնքման փուլում: Բագրատաշենում կառուցվող 144 սանի համար նախատեսված 880 մլն․ դրամ արժողությամբ մանկապարտեզը շահագործման կհանձվի 2025 թվականի մարտին։

  Մարզպետը հատուկ ընդգծեց՝ կառավարության որոշումով հաստատված սահմանամերձ գյուղերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրը, որի արդյունավետությունը մի քանի անգամ բարձր է այլ պետական աջակցության ծրագրերից։ Մարզում այսօր կառուցվում է 1249 բնակելի տուն: ,,Բերեմ կոնկրետ մեկ օրինակ․ մինչև այս ծրագրի հաստատումը Բերքաբեր բնակավայրի տնտեսությունների թիվը 105 էր։ Այսօր կառուցվում է 57 նոր բնակելի տուն։ Եվ, այո, սա է ճանապարհը, մեր գյուղերը շենացնելու և ուժեղ պետություն կառուցելու ճանապարհը,,,-ասաց մարզպետը:

  Տարվա ընթացքում պետբյուջեի միջոցներով զգալի աշխատանքներ են կատարվել նաև ճանապարհաշինության ոլորտում։ 2024թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվում են շուրջ 390 կմ երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանության աշխատանքներ՝ մոտ 700.0 մլն. դրամ արժեքով:
  Մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ իրականացվում են 110.3 կմ երկարությամբ մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային
պահպանության աշխատանքներ, 62.3 կմ ընթացիկ ամառային պահպանության աշխատանքներ, 9.2 կմ մետաղական արգելապատնեշների պահպանման աշխատանքներ՝ 108.360 մլն. դրամ ընդհանուր պայմանագրային արժեքով։

  Մարզպետը կարևոր համարեց նշել, որ 2024 թվականի ՀՀ պետական բյուջեով համայնքային բյուջեներին հատկացվել է 5 մլրդ 267 մլն․ դրամ, որը 2023 թվականին հատկացված դոտացիայից ավել է 2 մլրդ 315 մլն․ դրամով, այդ թվում Իջևան խոշորացված համայնքում ավելացել է 706 մլն․ դրամով, Դիլիջան խոշորացված համայնքում՝ 343 մլն․ դրամով, Բերդ խոշորացված համայնքում՝ 599 մլն․ դրամով, Նոյեմբերյան խոշորացված համայնքում՝ 666 մլն․ դրամով: 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով համայնքային բյուջեներին նախատեսվել է հատկացնել 6 մլրդ․ 14 միլիոն դրամ, որն ավել է 2024 թ․ դոտացիայից 747 մլն դրամով, այդ թվում՝ Իջևան համայնքի դոտացիան ավելացել է 244 մլն․ դրամով, Դիլիջան համայնքի դոտացիան՝ 131 մլն․ դրամով, Բերդ համայնքի դոտացիան՝ 192 մլն․ դրամով և Նոյեմբերյան համայնքի դոտացիան՝ 180 մլն․ դրամով:

 Ավարտելով խոսքը՝ մարզպետն այնուհետև շնորհավորեց նիստի մասնակիցների գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, բարեկեցություն ու արդյունավետ աշխատանքային նոր տարի։

  Մարզի Բերդ, Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան խոշորացված համայնքների ղեկավարներ Աստղիկ Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը, Արթուր Ճաղարյանն ու Արսեն Աղաբաբյանն այնուհետև զեկուցեցին իրենց համայնքներում 2024 թվականին իրականացված աշխատանքների մասին։

  Նիստի ավարտին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալագրեր ու հուշանվերներ հանձնեց տարվա ընթացքում տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ ու աշխատանքով աչքի ընկած մի շարք աշխատողների։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:54:09