Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սոցիալական ձեռնարկատիրական մոդելը՝ որպես համայնքի զարգացման նոր մոդել
08.11.2024
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Դարձի՜ր սոցիալական ձեռներեց, շենացրու՜ քո համայնքը», «Սոցիալական ձեռնարկատիրության դերը ՀՀ մարզի զարգացման գործում» օրակարգով։
Քննարկումից առաջ Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի հիմնադիր Գոհար Մկոյանին ընդունել է մարզպետ Հայկ Ղալումյանը, զրուցել ծրագրերի և հետագա անելիքների մասին։
Աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանների պատասխանատուներ, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների տնօրեններ, սոցիալական ոլորտի աշխատողներ։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը՝ կարևորելով համայնքի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, ինչպես նաև Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերը։
Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի կողմից մշակված՝ համայնքի/մարզի զարգացմանն ուղղված պետական (համայնք) և մասնավոր սեկտորի արդյունավետ համագործակցության նոր կրթական ծրագրերը, որ իրականացվում են ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ, ներկայացրել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի հիմնադիր Գոհար Մկոյանը՝ անդրադառնալով կառույցի անցած ճանապարհին ու հաջողություններին, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, սոցիալական ձեռնարկատիրական մոդելին՝ որպես համայնքի զարգացման նոր մոդելի։
Հարակից զեկույցներով հանդես են եկել Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի շրջանավարտներ Սամվել Միրզախանյանը, Տիգրան Աբգարյանը և Մարինե Անուշավանյանը։
Տեղեկացնենք, որ վերջին տասնամյակներում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման մեխանիզմների մշակումն ընդգրկվել է ինչպես տարբեր երկրների կառավարությունների, այնպես էլ ՀՀ կառավարության գործունեության օրակարգում՝ սոցիալական ձեռներեցության ոլորտում մշակված մոդելների կիրառումը դարձնելով համայնքների զարգացման նոր սոցիալական ու տնտեսական զարգացումներ ապահովող բիզնես մոդել:
Սոցիալական ձեռներեցների դպրոցը և Միջազգային ակադեմիան ՀՀ-ում և արտերկրում կրթության ոլորտում մասնագիտացված գիտակրթական կառույց է, որը Հայաստանում հիմնադրվել է 2018 թվականին: Այն տրամադրում է ՍՁ ներառական կրթություն, խորհրդատվություն ՍՁ հիմնելու և զարգացնելու համար, աշխատում է տարբեր կազմակերպությունների հետ՝ փոքրերից մինչև առաջատար միջազգային, մասնավոր կազմակերպություններ, ինչպես նաև պետական կառույցների և անհատների հետ. օգնում է գործել ավելի արդյունավետ և ֆինանսապես շահավետ՝ տրամադրելով իրենց համար լուծումների լավագույն փորձը։