Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բերդ քաղաքի Հերոսների պուրակում հուշակոթող է կառուցվել
31.10.2024
Ձեզ բացակա չենք դնի։
Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ Բերդ քաղաքի Հերոսների պուրակում Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթող է կառուցվել:
Հոկտեմբերի 31-ին, կայացել է հուշակոթողի բացման պաշտոնական արարողությունը:
Հնչել է ՀՀ պետական օրհներգը: Այնուհետև Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանի հանդիսապետությամբ կատարվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակի ոգեկոչման արարողություն։
Միջոցառումն ամփոփվել է զինծառայողների կատարմամբ ՀՀ ԶՈՒ օրհներգով և ծաղիկների խոնարհման արարողությամբ:
* * *
Միջոցառման մշակութային մասը կազմակերպել է Բերդի համայնքային մշակույթի տունը՝ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի և Բերդի Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոցի հետ համագործակցությամբ:
Հուշակոթողը կառուցվել է Բերդի համայնքապետարանի միջոցներով:
* * *
Տեղեկացնենք, որ հուշարձանին կից տեղադրված է հուշատախտակ, որի վրա զետեղված են Բերդ համայնքից զորակոչված և Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված տղաների անունները:
Սկանավորելով QR կոդը՝ հնարավոր է ծանոթանալ հերոսների կենսագրություններին, լուսանկարներին և նրանց մասին հրապարակումներին:
Տեղեկատվության հավաքագրման փուլը դեռևս ընթացքի մեջ է. այն անընդհատ թարմացվելու է: