Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոյեմբերյան քաղաքում բացվեց արվեստի դպրոց
21.10.2024
Հոկտեմբերի 18-ին Նոյեմբերյան քաղաքում բացվեց արվեստի դպրոցը, որը վերանորոգվել է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների և Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։
Բացման արարողությանը մասնակցեցին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) հայաստանյան գրասենյակի Ազգային ծրագրերի ավագ համակարգող Համազասպ Դանիելյանը և այլ պաշտոնյաներ։
Արվեստի դպրոցը նպաստում է շուրջ 300 սաների կրթական հնարավորությունների զարգացմանը՝ ակտիվ ուսումնական միջավայր ապահովելով նրանց համար։ Նոյեմբերյանի արվեստի դպրոցի շենքը և բակը հիմնանորոգվել են Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) շրջանակում՝ արտադասարանական կրթությունը խթանելու նպատակով։ Ծրագրի ֆինանսավորման 10%-ը ներդրվել է Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։
Վերանորոգումից բացի արվեստի դպրոցի շենքում տեղադրվել է 5 կՎտ հզորությամբ արևային վահանակների համակարգ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ GIZ-ի կողմից իրականացվող մեկ այլ՝ ECOserve ծրագրի շրջանակում։
Համակարգը կնպաստի արվեստի դպրոցի շենքում գտնվող գրադարանի էներգետիկ պահանջների բավարարմանը և համայնքում վերականգնվող էներգիայի օգտագործման խթանմանը։