Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրեր

05.09.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատվել են «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը», «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը» և «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը»։

 

ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ և ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2028 ԹԹ․ ԾՐԱԳԻՐ

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։

Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային մանր եղջերավոր կենդանի։

Մեկ տոհմային կենդանու առավելագույն գինը սահմանվել է՝

  • Հայաստանի Հանրապետության ներսում ձեռք բերված՝ 300 հազար ՀՀ դրամ։
  • արտերկրից ներկրման դեպքում՝ 450 հազար ՀՀ դրամ։

Ծրագրով տոհմային ՄԵԿ-ի՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային) որևէ նախապայման չի սահմանվում՝ բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական՝ էգ և 6-16 ամսական՝ արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանող երկրում կարանտինը մեկնարկելու առաջին օրվա, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ)՝ 29։1 հարաբերությամբ (29 էգի հաշվով՝ 1 արու)։

Ծրագրի պայմաններն են՝

  1. ծրագրի շահառու կարող են հանդիսանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը․
  2. շահառուն կարող է ձեռք բերել նվազագույնը 5 գլուխ (4 էգ, 1 արու), իսկ առավելագույնը 300 գլուխ (այդ թվում՝ 10 գլխից ոչ ավելի արու մատղաշ)․
  3. կփոխհատուցվի յուրաքանչյուր ձեռք բերված (ներկրված) տոհմային կենդանու արժեքի 50%-ը։

Մինչև տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերումը (ներկրումը) շահառուն պետք է նախարարություն ներկայացնի՝

  1. էլեկտրոնային տարբերակով դիմում՝ նշելով ձեռք բերվող տոհմային կենդանիների տեսակը, ցեղը, քանակը, ձեռքբերման (ներկրման) վայրը (վայրերը) և ժամկետները, կցելով նաև պայմանագիրը և ձեռքբերման ենթակա տոհմային ՄԵԿ-ի հավաստագրերը (վկայականները, քարտերը)․
  2. բարվոք վարկային պատմության վերաբերյալ ԱՔՐԱ տեղեկատվություն․
  3. հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք․
  4. մեկ տարի ժամկետով բանկային երաշխիք` ձեռք բերված կենդանիների ընդհանուր արժեքի և 10,8 մլն դրամի տարբերության գումարի չափով, եթե շահառուն արտերկրից ներկրել է 48-ից ավել, իսկ հանրապետության ներսում ձեռք է բերել 72-ից ավելի տոհմային կենդանի։

Յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

 

ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է իրականացնել 2025թ․։

Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը կրում է փորձնական բնույթ, որի նպատակն է 2025-2026 թվականների ընթացքում բարելավել Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակ, Սյունիքի և Տավուշի մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը, բարձրացնել մթերատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ փոխհատուցել 21970 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։

Ժամանակակից սելեկցիոն չափորոշիչներին համապատասխանող կաթնային և կաթնամսային ուղղության ցեղերի ցուլերի բարձրորակ սեմնահեղուկով մեկ կովի արհեստական սերմնավորման միջին արժեքը կազմում է շուրջ 15 հազար ՀՀ դրամ։

Ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սերմնավորման արժեքի 10 հազար դրամը, իսկ 5 հազար դրամը կվճարի Տնտեսավարողը:

Ծրագրի մասնակիցներն են՝

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն).
  2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերը (այսուհետ՝ Մարզպետների աշխատակազմեր).
  3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի համայնքները կամ բնակավայրերը (այսուհետ՝ Համայնք կամ Բնակավայր).
  4. արհեստական սերմնավորում իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ Կազմակերպություն), որոնք՝

ա. ունեն տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ և համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ.

բ. ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

գ. ունեն բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանք, որի համաձայն հայտի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

 

 

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ 2024-2025 թթ ընթացքում։

Ծրագրի նպատակն է նպաստել մեր երկրում մեղվաբուծության խթանմանը, ճյուղի արդյունավետության բարձրացմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, ինչպես նաև մեղվաբուծական տնտեսությունների և արտադրվող մեղրամթերքի մրցունակության բարձրացմանը:

Նախատեսվում է ծախսերի փոխհատուցման եղանակով մարզերի ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռել երկու տարվա ընթացքում ձեռք բերել 10000 մեղվաընտանիք։

Մեկ մեղվաընտանիքի (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով) արժեքը սահմանված է 80000 ՀՀ դրամը։

Ծրագրի պայմաններն են՝

  1. ծրագրի շահառու կարող են հանդիսանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը․
  2. յուրաքանչյուր շահառու կարող է ձեռք բերել նվազագույնը՝ 10 և առավելագույնը՝ 50 մեղվաընտանիք (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով)․
  3. փոխհատուցվում է ձեռք բերված յուրաքանչյուր մեղվաընտանիքի (մեղվափեթակի հետ միասին) արժեքի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 40000 ՀՀ դրամը։

Ծրագրի շրջանակներում նախապատվությունը կտրվի երիտասարդ ընտանիքներին (ամուսինների տարիքի հանրագումարը 70 տարեկանից ոչ բարձր), ցանկացած նպատակով սոցիալական աջակցություն ստացող ընտանիքներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին։

Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուն պետք է նախարարություն ներկայացնի՝

  1. էլեկտրոնային եղանակով դիմում՝ նշելով ձեռք բերվող մեղվաընտանիքների ((մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով) քանակը և ձեռքբերման ժամկետը, բարվոք վարկային պատմության վերաբերյալ ԱՔՐԱ տեղեկատվություն, հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք․
  2. ձեռք բերված մեղվաընտանիքները պետք է լինեն բացառապես տվյալ տարում ստացված սերնդից և ունենան անասնաբուժական տեղեկանք, որը կհավաստի մեղուների հիվանդությունների դեմ պատվաստված լինելու հանգամանքը․
  3. եթե ձեռք է բերվել 15-ից ավելի մեղվաընտանիք, ապա շահառուն պետք է ներկայացնի նաև մեկ տարի ժամկետով բանկային երաշխիք՝ ձեռք բերված մեղվաընտանիքների ընդհանուր արժեքի և 600 հազար դրամի տարբերության չափով։

Շահառուն, մեղվաընտանիքը (մեղվափեթակով) պետք է ձեռք բերի իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատերից:

Սույն ծրագրից յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

  

Ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով
https://mineconomy.am/page/3153
https://www.e-gov.am/gov-decrees/item/43282/ : 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10