Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը
29.07.2024
Օրակարգի առաջին հարցով մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը ներկայացրել է մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Նշվել է, որ 2023 թվականին փաստացի իրականացվել են 4․099 մլրդ․ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնց մի մասը տեղափոխվել է 2022 թվականից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետների հետ համատեղ մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ, արդյունքների վերաբերյալ կազմվել համապատասխան տեղեկանքներ։ 2024 թվականին մարզի համայնքներից մարզպետի աշխատակազմ է ներկայացվել 27 սուբվենցիոն հայտ, որոնք արժանացել են միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանը։ 2025 թվականի համար մարզի համայնքներից մարզպետի աշխատակազմ է ներկայացվել 20 սուբվենցիոն հայտ՝ մոտ 6,75 մլրդ․ դրամ ընդհանուր արժեքով։
Առաջարկվել է 2025 թվականի համար ներկայացված նախնական հայտերի մասով նախապես կազմել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներ՝ հետևելով համապատասխան որոշման պահանջներին ու ժամկետներին։
Օրակարգի հաջորդ հարցով մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը զեկուցել է մարզի համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների 2024թ․ 1-ին կիսամյակի կատարողականի մասին։ 1-ին կիսամյակում մարզի ընդհանուր եկամուտները կազմել են 89,9 տոկոս, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը՝ 77,2 տոկոս։ Համայնքների ղեկավարներին առաջարկվել է ապահովել տեղական բյուջեներով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրումը ամբողջությամբ։
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը զեկուցել է 2024 թվականի 1-ին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքների մասին։ Անդրադարձ է եղել ցանքատարածություններին, բերքահավաքի աշխատանքներին և ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերին։
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի մասին, իսկ հաջորդ հարցով անդրադարձել 2024թ․ մայիսի 26-ին Դեբեդ և Աղստև գետերի հեղեղումների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին։