Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԶԾ ներկայացուցիչներին
02.07.2024
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի սոցիալ-տնտեսական պորտֆելի ղեկավար Աննա Գյուրջյանին, ԵՄ Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում՝ LEAD ծրագրի նորանշանակ ղեկավար Հարություն Գևորգյանին և համայնքային զարգացման փորձագետ, տնտեսագետ Հռիփսիմե Մանուկյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Հանդիպման ընթացքում ՄԱԶԾ ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրել են LEAD ծրագրի ընթացքը, ձեռք բերված արդյունքները և առաջիկայում պլանավորված ծրագրային գործողությունները։
Նշենք, որ ծրագիրը մարզում իրականացվում է փորձնական կարգով և ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։ Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագրի գործողությունները համակարգում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ծրագրի առանցքը տարբեր շահագրգիռ կողմերի /պետական, մասնավոր, քաղաքացիական հասարակություն/ ամուր գործընկերությունն է, որի ընթացքում ձևավորվում է միջոլորտային և բազմաշահառու գործընկերություն տեղական ակտիվ խմբերի /ՏԱԽ/ ձևավորմամբ։
Հանդիպմանը կողմերը փոխհամաձայնության են եկել՝ շարունակել արդյունավետ համագործակցությունը և մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում ունենալ հարթակի հնարավորություն՝ ծրագրի շրջանակներում ստեղծված տեղական ակտիվ խմբերի՝ ՏԱԽ-երի բնակիչների համար հրապարակվող հայտարարությունների համար։
ՄԱԶԾ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության համար և հույս հայտնել, որ հանդիպումները կլինեն պարբերական։