Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ

09.06.2024

Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրում: Այստեղ հեղեղումների հետևանքով վթարվել է երկաթգծի կամուրջը, վնասներ է կրել նաև Այրումում գտնվող «Դամուար գրուպ» ընկերության մաքսային տերմինալը:

Տավուշի մարզում վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: Այստեղ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է, որ օրվա ընթացքում սահմանի խախտում չի արձանագրվել, արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Բաղանիս-Կիրանց, Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման ընթացքին: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքների որակյալ իրականացմանը և ընդգծել սահմանված ժամկետներում դրանք շահագործման հանձնելու կարևորությունը:
 
Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Խաշթառակում, որտեղ հեղեղումներից վթարվել է տեղի կամուրջը: Զեկուցվել է, որ բնակավայրն ունի այլընտրանքային ճանապարհ: Չնայած դրան՝ վարչապետը հանձնարարել է կամուրջի վերակառուցման աշխատանքները սկսել հնարավորինս սեղմ ժամկետներում:
 
Վարչապետի այցն ավարտվել է Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Լոռու և Տավուշի մարզպետները, հեղեղումներից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14