Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է ,,Իմունականխարգելման եվրոպական շաբաթ,, նախաձեռնությունը
23.04.2024
Սկսած 2004 թվականից՝ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է ,,Իմունականխարգելման եվրոպական շաբաթ,, նախաձեռնությունը` իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին և կշարունակվի մինչև ապրիլի 28-ը:
Յուրաքանչյուր տարի Իմունականխարգելման եվրոպական շաբաթը հնարավորություն է ընձեռնում մեկ անգամ ևս ընդգծելու հանրային առողջապահության ոլորտում պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը: Այս նախաձեռնության նպատակը բնակչության շրջանում պատվաստումների պահանջարկի բարձրացումն է, ինչպես նաև իմունականխարգելման քաղաքական աջակցության ապահովումը:
Եվրոպական երկրները օգտագործում են «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը», որպես հնարավորություն՝ բարձրացնելու բնակչության իրազեկումը կյանքի բոլոր փուլերում պատվաստումների կարևորության վերաբերյալ: Այն մեկ անգամ ևս ընդգծում է մարդու կյանքի ողջ ընթացքում իմունականխարգելման կարևորությունը:
Շատ դեռահասներ, մեծահասակներ և ռիսկի խմբերի անձինք բավարար տեղեկացված չեն իրենց կյանքին և առողջությանը սպառնացող հիվանդությունների, ինչպես նաև պատվաստումների վերաբերյալ, որոնք կարող էին ապահովել անհրաժեշտ պաշտպանություն:
Իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ փոքր ներդրումներով ապահովվում են մեծ արդյունքներ։
Հայաստանում կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում տարիքային որոշակի խմբերի շրջանում: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, ՀԻԲ, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում: