Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է Բերդ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը

27.06.2023

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»(ԱՌՆԱՊ) հիմնադրամի նախաձեռնությամբ, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ, այսօր՝ հունիսի 27-ին, մեկնարկել է «Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի և տեղահանված/տարհանված բնակչությանն ընդունելու կարգի ներկայացում» թեմայով երկօրյա դասընթաց-քննարկումը:

Դասընթաց-քննարկմանը մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, ուժային կառույցների ղեկավարներ եւ մի շարք պաշտոնատար անձինք:

Ավելի վաղ ԱՌՆԱՊ հիմնադրամի փորձագետը Բերդի համայնքապետարանի աշխատակիցների աջակցությամբ հավաքագրել է աղետների ռիսկի կառավարման պլանի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, բնակավայրեր կատարած այցերի շրջանակում քարտեզագրել համայնքին սպառնացող վտանգները, դրանց նկատմամբ խոցելիությունը և կարողությունները: Նշված աշխատանքների հիման վրա էլ կազմվել է համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը:

Դասընթաց-քննարկման նպատակն է ներկայացնել համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը, բարելավել համայնքապետարանի և համապատասխան այլ կառույցների աշխատակիցների՝ վերը նշված պլանով առաջնորդվելու հմտությունները, արտակարգ իրավիճակների դեպքում օպերատիվ, համակարգված արձագանքելու և գործելու կարողությունները, ինչպես նաև քննարկման ընթացքում լսել ներկաների կարծիքներն ու դիտարկումները և անհրաժեշտության դեպքում համապատասխան լրացումներ ու մշակումներ կատարել:

Միջոցառումն իրականացվում է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության(USAID) կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14