Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

26.06.2023

  Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ։   

  Քննարկման հիմնական հարցերը վերաբերել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և սեպտեմբերից բոլոր դպրոցներում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշչին, որը նախորդ երկու տարում արդեն փորձարկվել է Տավուշի մարզում, իսկ նոր ուսումնական տարվանից ներդրվելու է մյուս մարզերի և Երևանի բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Այդ նպատակով նշված դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները կմասնակցեն վերապատրաստման դասընթացների:

  Նշվել է նաև, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգով՝ դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատված են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։ Վարչական կառավարման մեջ ներառվում են հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:

  Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերին, ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, «Հայաստանում 300 դպրոց, 500 մանկապարտեզ» ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում կրթական հաստատություններում իրականացվող աշխատանքներին։

   Հանդիպման ավարտին Արաքսիա Սվաջյանը պատասխանել է միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09