Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արդեն չորրորդ տարին է, որ ՀՀ Տավուշի մարզը մասնակցում է Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ կազմակերպվող և անցկացվող Ռուսաց լեզվին և ռուսական մշակույթին նվիրված փառատոնին:
29.05.2023
Փառատոնի իրականացման գործընթացը մարզում համակարգվում է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից: Այն հիանալի հարթակ է ներշնչվելու և ներշնչելու ռուսական երգի, պարի և պոեզիայի ոգով:
«Հայորդեաց տուն» հոգևոր-կրթական կենտրոնի տարածքում կազմակերպված գալա համերգում ելույթներով հանդես են եկել Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերի հանրակրթական հաստատությունների տաղանդավոր սաները։
Տավուշի մարզից գալա համերգին մասնակցելու իրավունք էին ստացել մարզային փուլում հաղթող ճանաչված աշակերտները:
«Ռուսական ժողովրդական երգ» անվանակարգում իր գեղեցիկ և ինքնատիպ կատարումով հատկապես առանձնացավ Իջևանի Գ. Անանյանի անվան ավագ դպրոցի աշակերտուհի Մանանա Բադիրյանը: Մանանան նախընտրել էր «Винавата ли я» երգը, ինչը կատարեց կիթառի վրա նվագելով:
«Ռուսական ժողովրդական պար» անվանակարգում կրկին հանդես եկան Հաղարծնի միջնակարգ դպրոցի շնորհաշատ սաները:
Համերգին զուգահեռ Շիրակի մարզային գրադարանում աշակերտները ներկաներին մատուցեցին Ռասուլ Գամզատովի բանաստեղծությունների և «Ինչ տեղ է գրավում ռուսաց լեզուն իմ կյանքում» խորագրով իրենց իսկ գրած էսսեների ընթերցումները:
Հաղարծնի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էլլա Գրիգորյանը ընտրել էր պոետի «Հոգ ընկերների մասին» բանաստեղծությունը, ինչը հնչեց որպես մեղմ ու բարի խորհուրդ:
Հաղարծնի միջնակարգ դպրոցը ներկայացնող Սվետա Աղաջանյանի կողմից իր իսկ գրված էսսեն հնչեց որպես հոգու խոսք` նվիրված իր կյանքում ռուսաց լեզվի դերին ու նշանակությանը:
Ելույթ ունեցավ նաև գրող, Հայաստանի գրողների միության և Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ Արա Գևորգյանը։
Փառատոնի մասնակիցները պարգևատրվեցին նվերներով և դափնեկրի դիպլոմներով։
Միջոցառման ավարտին Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր մասնակիցներին գերազանց ելույթի համար։