Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիտավանում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման արարողություն
15.05.2023
Այսօր Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողություն։ Մարզահրապարակը կառուցվել է ՖԱՅԴԵՔ Արմենիա հայ-արգենտինական առողջապահական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ գյուղի վաղեմի բարեկամ և բարերար Նադյա Կասպարի աջակցությամբ։ Նախագծային աշխատանքները և մարզահրապարակի կառուցումն իրականացվել է Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից:
Մարզահրապարակի բացմանը ներկա էր Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և կառույցի համար բարերարին շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Ողջույնի խոսք ասացին նաև Դիտավանի վարչական ղեկավար Հակոբ Սարիբեկյանը, Դիտավանի դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը, բարերար Նադյա Կասպարը։ Մարզահրապարակի բացմանն իր օրհնությունն էր բերել Տավուշի թեմի Իջևանի հովվության հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը։
Իջևան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը շնորհակալագիր հանձնեց կառույցի հովանավոր ու բարերար Նադյա Կասպարին։
Մարզահրապարակի կառուցման հիմնական նպատակն է պարբերաբար մարզվելու միջոցով գյուղի բնակչության շրջանում խրախուսել առողջ ապրելակերպը։ Առանց տարիքային սահմանափակման՝ այստեղ կարող են անվճար մարզվել բոլոր ցանկացողները: Մարզահրապարակը ներառում է և՛ ֆիթնես մարզասարքեր, և՛ վորքաութի մարզասարքեր 6-ից մինչև 80 տարեկանների համար։
Միջոցառման ավարտին ելույթ ունեցան Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի ատլետները։