Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ
08.03.2023
Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մարտի 8-ը հայկական տոնացույցի ամենասիրված ու սպասված տոներից է։ Տոնը մի հիանալի առիթ է մեկ անգամ ևս մեր սերն ու երախտագիտությունը հայտնելու ձեզ։
Առանձնահատուկ նկարագիր ունի հայ կինը։ Անգնահատելի է նրա դերը ընտանիքի ամրության, ընտանիքում երեխաների հայեցի դաստիարակության, ազգային ավանդույթների պահպանման ու դրանք սերունդներին փոխանցելու գործում։ Իսկ պատմական դժվարին պահերին հայ կինը միշտ էլ դրսևորել է տոկունություն ու ոգու ամրություն։ Հայ կինն այսօր նաև իր հաստատուն տեղն ու դերակատարությունն ունի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Տոնական այս օրը իմ երախտիքն ու խոնարհումը՝ մեր հերոս նահատակների մայրերին, կանանց ու աղջիկներին:
Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն ու երջանկություն։ Թող որ սիրով ու ջերմությամբ լցված լինի ձեր կյանքի յուրաքանչյուր օրը: