Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
03.03.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։
Նախ քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերին մարզի մասնակցության կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։
Համահայկական ամառային ութերորդ խաղերը անց են կացվելու այս տարվա օգոստոսին: Բացման արարողությունը տեղի է ունենալու Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:
Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքները համակարգելու համար մարզպետը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով և նախապատրաստական աշխատանքներ տանել համայնքապետարանների հետ։ Հանձնարարվել է նաև դիտարկել մարզակառույցների հնարավորությունները՝ գոնե մեկ մարզաձևից մրցումները Տավուշի մարզում անցկացնելու համար։
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը այնուհետև ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Տավուշի մարզային փուլի արդյունքները։ Նշվել է, որ մարզային փուլին մասնակցած 163 մասնակցից եզրափակիչ են դուրս եկել 1-3-րդ տեղեր գրաված 12 մարզիկ երկու տարիքային խմբով՝ առաջինում 18-40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդում՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ։ Մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա Չարենցավանում։
Խորհրդակցությանը քննարկվել է նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը։ Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանին հանձնարարվել է ներկայացնել տեղեկանք 2023 թվականի ամբողջական ներկայացված սուբվենցիոն ծրագրերի մասին և առանձին տեղեկանք այն ծրագրերի մասին, որոնք նախնական հայտերով ներկայացվել են, վերջնականով՝ ոչ։
Խորհրդակցությանը քննարկվել են այլ հարցեր ևս, տրվել են նոր հանձնարարականներ։






