Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանին
03.03.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը։
Մարզպետը շնորհավորել է Լավրենտի Միրզոյանին ՀՀ նախագահի կողմից Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվելու կապակցությամբ, մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ։ Պարգևը մեծ տավուշեցուն ու հայրենասերին է շնորհվել Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար:
Մարզպետը նաև շնորհակալություն է հայտնել պատվարժան տավուշեցուն հայրենի եզերքին անսահման նվիրվածության ու հայանպաստ գործունեության համար։ Ուշագրավ է հատկապես նրա «Տավշո արմատներ» գիրքը, որտեղ ներկայացված են Տավուշի մարզի չորս տարածաշրջանների մտավոր ներուժն ու հոգևոր գանձերը։
Հանդիպմանը Լավրենտի Միրզոյանը մարզպետին իր հեղինակած գրքերից է նվիրել։






