Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախնական զինվորական պատրաստության դասասենյակը անվանակոչվել է հերոսի անունով

27.02.2023

  Փետրվարի 25-ին, շաբաթ օրը, Արճիսի միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության /ՆԶՊ/ դասասենյակը անվանակոչվել է դպրոցի շրջանավարտ, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հերոսաբար զոհված Տիգրան Սանասարի Մուսայելյանի անունով։ 

 Դասասենյակի անվանակոչության առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետի օգնական Յուրա Բազինյանը, ՀՀ պաշտպանության նախարարության, Նոյեմբերյան խոշորացված համայնքի պատասխանատուներ, զոհվածի ընտանիքի անդամներ, հյուրեր։ 

 Բացման արարողությունից հետո, որը կատարել են Տիգրանի մայրը՝ տիկին Գայանեն և ՀՀ ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանը, դպրոցի տնօրեն  Հերիքնազ Պողոսյանը ներկայացրել է Տիգրանի կյանքի կարճ, բայց իմաստալից կենսագրությունը:

  Տիգրան Մուսայելյանը ծնվել է Տավուշի մարզի Արճիս գյուղում 2003թ. մայիսի 18-ին: Տիգրանը ընդունակ, խելացի, համեստ ու ընկերասեր աշակերտ է եղել, լավ է սովորել, ակտիվորեն մասնակցել դպրոցում կազմակերպվող միջոցառումներին։ Սպորտային կեցվածքի շնորհիվ հաճախ ընդգրկվել է դպրոցի ռազմամարզական թիմում, մասնակցել տարածաշրջանային մրցումների։ Իր համեստության, պատասխանատվության բարձր զգացումի, հարգալից վերաբերմունքի շնորհիվ Տիգրանը սիրվել է ոչ միայն ընկերների և ուսուցիչների, այլև շրջապատի կողմից: 2020 թվականին ավարտել է դպրոցը և բարձր արդյունքներով ընդունվել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի անգլերեն բաժինը /անգլերեն սովորել է ընդամենը 8 ամսում/: 2021թ. հունիսի 21-ին զորակոչվել է հայոց բանակ, ստացել սերժանտի կոչում և դարձել դիրքի ավագ, պատվով կատարել իր՝ դիրքի ավագի պարտականությունները։ Ճակատագրական օրը մարտը վարել է մինչև վերջ ու հերոսաբար զոհվել իրեն վստահված դիրքի պաշտպանության ժամանակ:

  Միջոցառմանը Տավուշի մարզպետի անունից զորակցության ու հիշատակի խոսք է ասել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ Մարինե Խաչատրյանը։ Սրտի ու հիշատակի խոսքեր են ասել նաև Տիգրանի մայրը, ՀՀ ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանը, Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Տավուշի մարզի թիվ 1 զորաբաժանման ներկայացուցիչ, փոխգնդապետ Արսեն Զուրաբյանը, դպրոցի զինղեկ Մերուժան Դավթյանը, դասղեկ Անահիտ Պապյանը։

  Տիգրանի հիշատակը գեղեցիկ խոսքերով, երգ ու ասմունքով հարգել են դպրոցի աշակերտները:

  Միջոցառման մասնակիցներն այնուհետև այցելել են հերոս հայորդու շիրիմին ու ծաղիկներ խոնարհել նրա հիշատակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10