Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զարգացման նոր ծրագրի մեկնարկ Տավուշի մարզում
21.02.2023
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի, «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանի, ծրագրի գործընկեր «AM Partners Consulting Company» հիմնադիր Վահե Մամբրեյանի և մարզային ու համայնքային պատասխանատուների հետ։
«Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից և իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գյուղատնտեսության, ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 10 տարի է։
Հանդիպմանը ներկայացվել են ծրագրի մանրամասները, նախատեսվող գործողությունները, հնարավոր համագործակցության ձևերը և ծրագրին առնչվող այլ հարցեր։
Նշվել է, որ այս հանդիպումը ծրագրի առաջին փուլն է, հաջորդ հանդիպումները կկայանան համայնքներում, որտեղ կլսեն ու կծանոթանան նոր գաղափարների ու առաջարկների։ Ծրագրի հիմքում շուկայական հարաբերությունների զարգացման մեթոդն է։
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշել է, որ ծրագրի նախաձեռնողներից է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, կարևորել նախարարության և մարզպետարանների ակտիվ ներգրավվածությունը ծրագրի բոլոր փուլերում։ Նա հորդորել է համայնքների ներկայացուցիչներին օգտվել ընձեռած հնարավորությունից և ներկայացնել հեռանկարային առաջարկներ: