Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
27.01.2023
Սիրելի հայրենակիցներ, հունվարի 28-ը հայկական տոնացույցում նշվում է որպես Բանակի օր։ 1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը:
Բանակի տոնը համազգային տոն է, ողջ հայ ժողովրդի տոնը, քանզի դժվար է գտնել մի ընտանիք, մի հայ մարդ, ով կամ ու հարազատը բանակին զինվոր տված չլինի: Փառք ու պատիվ այն մայրերին, ովքեր զինվոր որդի են ծնել ու մեծացրել:
Հայկական բանակը ծնվեց արցախյան ազատամարտի բովում՝ դառնալով մեր նորանկախ պետականության ամենակարևոր նվաճումներից մեկը, երաշխավորը ազգային պետության անվտանգության ու անկախության պահպանման, ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի: Այն կայացավ մեր ժողովրդի միասնական ուժի, քաջ հայորդիների անկոտրում կամքի ու բանակաշինության նվիրյալների միասնական ջանքերի շնորհիվ։
Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի օրը ևս մի առիթ է նորից հիշելու նրանց, ովքեր իրենց կյանքի գնով իրականացրին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը։ Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին։
Մեկ անգամ ևս շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ քաջառողջություն, մարտական բարձր ոգի և խաղաղ ծառայություն եմ մաղթում հայ զինվորին, իսկ ժողովրդին՝ բարեկեցություն ու ստեղծագործ աշխատանք։