Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
30.12.2022
Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Նոր տարին մեր ամենասիրված ու ամենասպասված տոներից է։ Սա ընտանեկան տոն է, և ցանկությունս է, որ Ամանորն իսկապես տոնական լինի բոլորիդ ընտանիքներում, որ իրականություն դառնան նոր տարվա հետ կապված ձեր բոլոր երազանքները, բարի ցանկություններն ու սպասումները։
Ընդունված է, որ յուրաքանչյուր նոր տարվա շեմին հետադարձ հայացք ենք ձգում, ի մի բերում, ամփոփում ու արժևորում անցնող տարում կատարածը, նախանշում անելիքները։ Տարվա ընթացքում մարզում մի շարք զարգացման ծրագրեր են իրականացվել ամենատարբեր ոլորտներում: Ծրագրերը եղել են ներդրումային ու սուբվենցիոն, պետական ու միջազգային, համայնքային, որոնք բոլորն ուղղորդված են եղել մարզի տնտեսության զարգացմանը, համայնքային ենթակառուցվածքների հիմնանորոգմանն ու կառուցմանը: Ծրագրերի մի մասը շարունակական է:
Սիրելի հայրենակիցներ, առանձնահատուկ շնորհավորում եմ սահման պահող մեր զինծառայողների ու նրանց ընտանիքների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում խաղաղ ծառայություն, արիություն, կամք ու կորով։ Փառք ու պատիվ մեր զինվորներին։ Խոնարհվում եմ մերօրյա պատերազմում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակների անմար հիշատակի առաջ։ Խոնարհվում եմ բոլոր որդեկորույս ծնողների առաջ։
Թող որ գալիք 2023 թվականը յուրաքանչյուրիս համար դառնա խաղաղության, բարեկեցության, նոր նախաձեռնությունների իրականացման ու նոր ձեռքբերումների տարի։ Թող որ բոլորիս օջախներում միշտ սեր, ջերմություն ու համերաշխություն լինի։
Մեկ անգամ ևս շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: