Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա առթիվ
07.12.2022
Հարգելի հայրենակիցներ
Դեկտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի օր։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, նահատակվեցին տասնյակ հազարավոր մարդիկ։
Պաշտոնական տեղեկություններով Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ: Այդ դժվարին օրերին հայ ժողովրդի կողքին էին ու նրան աջակից լինելու նվիրական գործից անմասն չմնացին ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցները, հայ ժողովրդի մեծ բարեկամ պետություններն ու անհատները, որոնք իրենց անգնահատելի ու անուրանալի աջակցությունը ցուցաբերեցին երկրաշարժի հետևանքները վերացնելու, աղետից տուժած մեր բնակավայրերը, կրթական ու արդյունաբերական կառույցները վերականգնելու գործին:
1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից 34 տարի է անցել։ Ու այսօր էլ մենք մեր խոնարհումն ենք բերում աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Սիրելի հայրենակիցներ, մաղթում եմ բոլորիս խաղաղություն, լավատեսություն, ուժ, կորով ու կամք։ Եղեք առողջ ու երջանիկ։