Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
02.12.2022
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանին և կազմակերպության ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանին։ Հանդիպմանը ներկա էր մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը Տավուշի մարզին ցուցաբերած աջակցության համար, կարևորել աջակցության դերը սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողների սոցիալական վիճակի բարելավման հարցում։
Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման /LEAD/ Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում, իրականացվել Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ հետ համատեղ։
Ծրագրի շրջանակներում փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել մարզի Իջևան և Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողների։
Ցուցաբերված աջակցությունը համապատասխանեցվել է տնտեսվարողների կարիքներին։ Սարքավորումները կկառավարվեն համապատասխան համայնքապետարանների կողմից և կօգտագործվեն տեղական նախաձեռնող խմբերի կողմից գյուղատնտեսական ծառայություններ մատուցելու նպատակով։
Քանի որ աջակցությունը միտված է փոքր ֆերմերների դիմակայության բարձրացմանը, հանդիպմանը կարևորվել և քննարկվել է այդ ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու հարցը։