Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիր
24.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը:
Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
«ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» ծրագրի աշնանային շրջափուլը մեկնարկել է սեպտեմբերին:
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի արվեստի պետական քոլեջոմ, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, Տավուշի միջնակարգ դպրոցում, Նոյեմբերյանի ավագ դպրոցում հոկտեմբերի 11-14-ը տեղի է ունեցել դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի, ՀՀ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանի, դերասան, բեմադրիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ:
Ծրագրի շրջանակներում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ: Ծրագրին կմասնակցեն շուրջ 3500 դպրոցականներ 450 դպրոցներից՝ թե՛ Երևանից, թե՛ ՀՀ մարզերից։ Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև անմիջականորեն դիտում են տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցություն են ունենում հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տեղի է ունենում հարցուպատասխանին նվիրված հատված, որը նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը: