Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ մարզի առողջապահական կազմակերպությունների հերթական գործակարգավարական խորհրդակցությունը
10.06.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ մարզի առողջապահական կազմակերպությունների հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքային կարգապահության, դեղորայքային ապահովվածության, ինֆեկցիոն հիվանդությունների հնարավոր բռնկումների, ՀՀ ԱՆ նոր հրամանների և առողջապահական չափորոշիչների ներդրման, դեղատոմսերի և անաշխատունակության թերթիկների էլեկտրոնային գրանցման և այլ խնդիրներ։
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը մանրամասն ներկայացրին COVID-19-ի, մանկական իմունոպրոֆիլակտիկայի, մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ իրականացվող պատվաստումների կատարողականը և ծագած խնդիրների հաղթահարման ռազմավարությունը։
Նշվեց, որ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար այսօրվանից «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տարածքում կայանել է շարժական մամոգրաֆիկ սարքը, որով կիրականացվեն ընտանեկան բժիշկների մոտ հերթագրված 50-69 տարեկան կանանց անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ։
Գործակարգավարական խորհրդակցության ավարտից հետո կայացավ՝ ՀՀ ԱՆ կողմից կազմակերպված բուժաշխատողների հավաստագրման և հավաստագրման գործընթացի կազմակերպմանը ներկայացվող պահանջների իրազեկում-քննարկում, որին մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։ ՀՀ ԱՆ «ԱԱԻ» ՓԲԸ-ի թիմը մանրամասն ներկայացրեց հավաստագրման և կրեդիտների ձեռքբերման գործընթացը։