Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողություն Դիլիջանում
07.06.2022
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում կայացել է «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Ծրագիրը նպատակ ունի խթանել բիզնեսի զարգացումը և նպաստել Դիլիջանի խոշորացված համայնքում աշխատատեղերի ստեղծմանը` ներդրումներ կատարելով կոշտ և փափուկ ենթակառուցվածքներում։ Խորհրդային ժամանակներից լքված կարի ֆաբրիկայի հատվածը կվերածվի բիզնեսի, ձեռնարկատերերի և համայնքային ծառայությունների համար նորարարական տարածքի:
Դիլիջանի համայնքապետարանի կողմից, IDEA հիմնադրամի, Զբոսաշրջության և ուրբանիզմի հիմնադրամի և Դիլիջան համայնքային կենտրոնի հետ համատեղ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (1 մլն․ եվրո) և «IDEA» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
«Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանի տեղական և մարզային իշխանություններին՝ հավատացած լինելով, որ տեղական դերակատարները կարևորագույն դեր ունեն համայնքային մակարդակում զարգացում և տնտեսական աճ ապահովելու գործում։ Մենք լիահույս ենք, որ վերագործարկվող կարի ֆաբրիկան, որպես եզակի բազմաֆունկցիոնալ տարածք, կխթանի տնտեսական գործունեությունն ինչպես Դիլիջանում, այնպես էլ Տավուշի մարզի ողջ տարածքում»,- իր ելույթում ընդգծել է դեսպան Վիկտորինը։
Շնորհակալություն հայտնելով Եվրոպական Միությանը և մասնավորապես տիկին դեսպանին այս նախաձեռնությունը խրախուսելու համար՝ մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ասել է․ «Մեծ հույս ունենք, որ սա կլինի այն վայրը, որտեղ կհանդիպեն մշակույթն ու բիզնեսը, տեղացիները կծանոթանան միջազգային փորձին, ծրագիրը կնպաստի միջհամայնքային և միջպետական կապերի ստեղծմանը և ամրպնդմանը։ Բացի այդ, կարի ֆաբրիկայի գործարկմամբ Դիլիջանը կդառնա ավելի գրավիչ քաղաք զբոսաշրջության զարգացման տեսանկյունից»։