Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը
14.05.2022
Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը:
4000 մետր մրցատարածությունն առաջինը հաղթահարել և հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի 9-րդ ավագ դպրոցը, երկրորդը Վայոց ձորի մարզի Արենու միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցը:
Հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:
Մրցաշարի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ: Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Այս գումարները դպրոցները կուղղեն իրենց մարզադահլիճների վերանորոգմանն ու կահավորմանը:
Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150-հազարական դրամ:
Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100-հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75-հազարական դրամ աշակերտների համար: