Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2022
2022-2023 ուսումնական տարուց Իջևանում կգործի երջանկահիշատակ Պատրիկ Դևեջյանի անվան գյուղատնտեսական ավագ դպրոց։
ՀՀ Տավուշի մարզը և Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգը մեկ տասնամյակից ավելի է, ինչ բարեկամական կապեր ունեն միմյանց հետ, և այդ ձևավորված համագործակցության ակունքներում կանգնած էր Օ դը Սենի նահանգային խորհրդի նախագահ, մեր հայրենակից Պատրիկ Դևեջյանը։ Երկու տարածաշրջանների միջև մի քանի անգամ ստորագրվել են ապակենտրոնացված պայմանագրեր, որոնց շրջանակներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Տավուշի մարզում։ Մեր հայրենակցի նպատակներից էր նաև մարզում հիմնել գյուղատնտեսական դպրոց։ Ցավոք, արդեն առանց իր ներկայության, բայց նրա նախաձեռնությունն իրականություն է դառնում։
Պատրիկ Դևեջյանի անվան գյուղատնտեսական ավագ դպրոցը գործելու է Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանակներում։ Դիմել կարող են հիմնական դպրոցն ավարտած շրջանավարտները։ Նախատեսված է, որ առաջին ուսումնական տարում այնտեղ կսովորի 20 ուսանող, իսկ հետագայում սովորողների թիվը կմեծանա։
Այն դիմորդները, ովքեր իրենց ապագա գործունեությունը տեսնում են գյուղատնտեսական ոլորտում, կարող են դիմել գյուղատնտեսական ավագ դպրոց՝ ֆրանսիական մոդելով ուսուցում ստանալու համար։Դպրոցը կհոգա նաև ուսանողների կեցության և սննդի հարցերը։
Հարցերի համար կարող եք դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին: