Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատարը ծանոթացել է մարզում ՊՀԾ-ի ընթացիկ ծրագրերին
20.04.2022
Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով Տավուշի մարզում էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ Լիլա Փիթրսը այցելել է Թեղուտի դպրոց, որտեղ ՊՀԾ-ն հիմնել է հիդրոպոնիկ ջերմատուն և ներդրումներ կատարել արևային կայաններում՝ օգնելով դպրոցին խնայելու էլեկտրաէներգիայի ծախսերը։ Հիդրոպոնիկ ջերմատունը ոչ միայն նպաստում է «Դպրոցական սնունդ» ծրագրին, այլև իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։
Թեղուտում, ի նշան համագործակցության, Լիլա Փիթրսը և Հայկ Ղալումյանը մրգատու ծառ են տնկել դպրոցի բակում։
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը այցելել է նաև մարզի առաջին ամբողջահատիկ ցորենի ալրաղաց և մոտակա հացաբուլկեղենի արտադրամասեր, որոնք արտադրում են ամբողջահատիկ ցորենից պատրաստված հաց՝ երեխաներին հնարավորություն տալով սննդարար հաց ուտել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի շրջանակում։
Տիկին Փիթրսը մարզպետի և մարզպետի տեղակալի հետ ունեցած զրույցի ընթացքում ընդգծել է ՊՀԾ ծրագրերի կարևորությունը համայնքների զարգացման և մարդկանց կյանքի որակը փոխելու գործում։