Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը
15.03.2022
Այսօր կայացավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։ Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Միսակ Մելքումյանը խոսեց համայնքներում ապօրինի, ինքնակամ շինությունների բացառման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Անդրադարձ եղավ նախկինում կատարված ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացքին ու միջպետական և հանրապետական ճանապարհների կառուցապատման կարգին։
2021 թվականի ընթացքում Տավուշի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի և 2022 թվականին ներկայացված հայտերի մասին զեկուցեց մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։ 2021 թվականին ընդհանուր առմամբ հաստատվել է 16 ծրագիր` 2,87 միլիարդ դրամ արժեքով, որոնք համայնքների կողմից դրվել են մրցույթի։ Նշված ծրագրերից 8-ը ավարտվել են 2021 թվականին, 8 ծրագիր էլ տեղափոխվել է 2022 թվական, որից 2-ն արդեն ավարտվել են, մնացած 6-ն էլ գտնվում են իրականացման տարբեր փուլերում։ 2022 թվականին մարզի չորս համայնքներից մարզպետարան է ներկայացվել 21 սուբվենցիոն հայտ` 4,7 միլիարդ դրամ արժեքով։ Նշված բոլոր ծրագրերը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արժանացել են հավանության։
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող Ասքանազ Բաբլումյանն իր զեկույցում անդրադարձավ Տավուշի մարզի համայնքների 2021 թվականի տեղական բյուջեների կատարողականին և 2022 թվականի բյուջեների հաստատմանը։ Նշվեց, որ 2021 թվականին մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 5 մլրդ 929 մլն 749.4 հազ դրամ, կամ կատարվել է 92.4%-ով, իսկ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 100.8 %, կամ հավաքագրվել է 1 մլրդ 356 մլն 488 հազ դրամ:
Մարզի համայնքների 2022 թվականի տեղական բյուջեների հանրագումարը կազմում է 5 մլրդ 347 մլն 794.3 հազ դրամ, որից սեփական եկամուտները՝ 1 մլրդ 473 մլն 341.8 հազ դրամ, որը ավել է 2021 թվականի տեղական բյուջեից 127 մլն 745.4 հազ դրամով, կամ 2021 թվականի նկատմամբ աճը կազմել է 9.5 %:
Գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը։ Նշվեց, որ գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կտրամադրվեն ազոտական, կալիումական և ֆոսֆորական պարարտանյութեր, որը 50 տոկոսով կսուբսիդավորվի պետության կողմից, բայց ոչ ավելի, քան 9000 դրամը։ Գարնանացան սերմացուների ձեռքբերման համար աշխատանքներ են տարվում սերմացուներ ներկրող կազմակերպությունների հետ։ Կշարունակվեն գյուղատնտեսության ոլորտի թվով 12 պետական օժանդակության ծրագրերը։
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ մարզպետ Հայկ Ղալումյանը համայնքների ղեկավարներին առաջարկեց տարվա ընթացքում առաջնահերթությունները տալ սուբվենցիոն ծրագրերին, անդրադարձավ ապօրինի, ինքնակամ շինությունների բացառման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև մարզխորհրդի նիստում բարձրացված այլ հարցերի։