Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2021 թվականի գործունեության արդյունքները
12.01.2022
Հունվարի 11-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2021 թվականի գործունեության արդյունքները։ Նիստը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը։ Մասնակցել են ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ։
ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացրել է 2021 թվականի գործունեությունը, նախանշել 2022-ի անելիքները։ 2021թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» տարածքային ահազանգման կենտրոնում գրանցվել է 57962 զանգ (2020թ.՝ 56092), որից 795-ը՝ արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ (2020թ.՝ 854), ՄՓՎ ստորաբաժանումներն արձագանքել են 732 դեպքի, 63 դեպքում իրականացվել է տեղեկատվության փոխանցում այլ ծառայությունների: Արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 21 (2020թ.՝ 24), տուժել` 242 (2020թ.՝ 174) մարդ:
2021թ․ գրանցված արտակարգ դեպքերը 2020թ․ համեմատ նվազել են 59-ով կամ 6,9 տոկոսով, զոհերի թիվը նվազել է 3-ով կամ 12,5 տոկոսով։ Գրանցված դեպքերից 509-ը տեխնածին են, 17-ը՝ տարերային, 269-ը՝ սոցիալ-կենցաղային։ Տարվա ընթացքում իրականացվել են բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ հրամանատարաշտաբային, շտաբային, ցուցադրական հատուկ տակտիկական և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ։ Համաճարակային իրադրությամբ պայմանավորված՝ իրականացվել են մի շարք կանխարգելիչ աշխատանքներ։
Հաշվի առնելով մարզում տարերային և տեխնածին աղետների սպառնալիքները՝ իրականացվել են դրանց կանխատեսման, կանխարգելման ու հետևանքների նվազեցմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
Հաշվետու ժամանակահատվածում մի շարք աշխատանքներ են տարվել քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացման ուղղությամբ։
Տավուշի մարզի համայնքներում իրականացվել է «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցի ուսուցման կազմակերպում:
Աշխատանքներ են տարվել նյութատեխնիկական բազայի ամրապնդման ուղղությամբ։ ՓԾ Տավուշի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումներում առկա են 23 միավոր տրանսպորտային միջոցներ, որոնցից 2-ը ՄՓՎ-ում, 7-ը՝ Իջևանի ՀՓՋ-ում, 6-ը՝ Դիլիջանի ՀՓՋ-ում, 4-ը՝ Նոյեմբերյանի ՀՓՋ-ում, 4-ը՝ Տավուշի ՀՓՋ-ում: Հրշեջ փրկարարական ջոկատների հրշեջ ավտոմեքենաները ապահովված են անհրաժեշտ վառելիքով, պահեստամասերով, քսայուղերով, հրդեհաշիջման պարագաներով:
Աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով Տավուշի ՄՓՎ պետը հանդես է եկել առաջարկներով։
Նիստի ավարտին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը պատվոգրեր են հանձնել մարզային փրկարարական վարչության մի խումբ աշխատակիցների։