Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31.12.2021
Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ավանդույթի համաձայն ամեն նոր տարվա նախաշեմին ի մի ենք բերում, ամփոփում նախորդ տարում կատարած աշխատանքները, նախանշում գալիք տարվա ծրագրերն ու անելիքները: Ասեմ, որ 2021 թվականը լի էր քաղաքական գործընթացներով: Նախ տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ, որով ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատեց իր հավատարմությունը հեղափոխության արժեքներին: Այնուհետև անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում մարզում ձևավորվեց երեք խոշորացված համայնք:
Համայնքների խոշորացման արդյունքում վստահ եմ, որ կունենանք տնտեսապես ուժեղ տեղական ինքնակառավարման մարմիններ:
Տարվա ընթացքում ինչպես պետական բյուջեի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով բազմաթիվ խնդիրներ են լուծվել մարզում, որոնք վերաբերել են տարբեր ոլորտների՝ ճանապարհաշինություն, առողջապահություն, կրթություն ու գյուղատնտեսություն։ Սակայն դեռևս խնդիրներ ունենք լուծելու, դժվարություններ ունենք հաղթահարելու, որին կարող ենք հասնել միայն համատեղ աշխատանքով, վաղվա օրվա հանդեպ ունեցած հավատով ու միասնական ջանքերով:
Ուզում եմ այսօր առանձնահատուկ շնորհավորել մեր երկրի սահմաններն ամուր պահող զինվորների ամանորը, մաղթել նրանց բարի ու խաղաղ ծառայություն: Նաև՝ իմ խոնարհումը հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակների հիշատակի առաջ:
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ, որ գալիք 2022 թվականը յուրաքանչյուրիս համար դառնա խաղաղության, բարեկեցության, նոր նախաձեռնությունների իրականացման ու ձեռքբերումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: