Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Տավուշի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը
28.12.2021
Դեկտեմբերի 27-ին կայացավ Տավուշի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։ Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ մարզպետը նշեց, որ տարին լի էր քաղաքական գործընթացներով։ Տեղի ունեցան Ազգային ժողովի, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում ձևավորվեց երեք խոշորացված համայնք։ Այնուհետև օրակարգի առաջին հարցով մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը ներկայացրեց, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, մարզում տիրող իրավիճակն ու պատվաստումների ընթացքը։ Նշեց, որ անհրաժեշտ է բուժհիմնարկների սպասարկման տարածքների մեծահասակ բնակչության հիսուն տոկոսի իրականացում և ներկայացրեց հիմնարկների կատարողականները տոկոսներով։ Զեկուցողը նշեց նաև, որ բուժհիմնարկներին են տրվել մոդելավորման տվյալները և մինչև տարեվերջ իրականացվելիք աշխատանքների գրաֆիկները։
Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը զեկուցեց մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին։ 2021թ․ նախնական հաստատման է ներկայացվել 33 սուբվենցիոն հայտ։ Ընդհանուր առմամբ վերջնական ՀՀ ՏԿԵՆ է ներկայացվել 16 ծրագրային հայտ 2․87 միլիարդ դրամ արժեքով, որոնք բոլորը հաստատվել են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Նշված ծրագրերից 8-ը ավարտվել են, 8-ն էլ այլ պատճառներով տեղափոխվել են 2022թ․։ 2020 թվականից տեղափոխված 2 ծրագիր ևս ավարտվել է:
2021-2022 թ․թ․ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ամփոփ տվյալները ներկայացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը։ Անդրադարձ եղավ վերապատրաստված ուսուցիչների ատեստավորման գործընթացին։ Նշվեց, որ ուսումնական տարվա առաջին կիսամյակում 15 դպրոցում իրականացվել են տնօրենների թափուր պաշտոնների մրցույթներ։ Ավարտվել է դպրոցների կոլեկտիվ կառավարման խորհուրդների ձևավորման և հաստատման գործընթացը։ Դպրոցներից 25-ը ունեն առանձին խորհուրդներ, 51-ը՝ միացյալ։ Մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում իրականացվում է առարկայական նոր չափորոշիչներով պիլոտային ծրագիր։ Մարզպետը ուշադրություն հրավիրեց դպրոցների, մասնավորապես մարզադահլիճների ու սանհանգույցների վերանորոգման վրա։
Օրակարգի հաջորդ հարցով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը զեկուցեց 2021թ․ կատարված աշխատանքների մասին։ Նշվեց, որ նախորդ տարվա 1853 հա-ի դիմաց 2021-ին կատարվել է 2402 հա աշնանացան, որից 350-ը՝ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում։ Ժամանակին և անկորուստ կատարվել են խաղողի բերքահավաքի և մթերման աշխատանքները։ Նախորդ տարվա 560 տոննայի դիմաց 2021 թվականին վերամշակող կազմակերպությունները մթերել են 1057 տոննա պտուղ-բանջարեղեն։ Գրանցվել է նաև պտղի արտահանման աճ, որը նախորդ տարվա 1550 տոննայի դիմաց ընթացիկ տարում կազմել է շուրջ 1670 տոննա։
Տավուշի մարզի 24 համայնքների 2021թ․ տեղական բյուջեների 11 ամիսների կատարողականը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող Ասքանազ Բաբլումյանը։ Նշվեց, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 4 միլիարդ 982 միլիոն 44,6 հազ․ դրամ, որը կազմում է տարեկան նախատեսվածի 81․9 տոկոսը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 1 միլիարդ 118 մլն․ 952,9 հազար դրամ կամ կատարվել է տարեկան նախատեսվածի 84,3 տոկոսը։ Այնուհետև ըստ առանձին եկամտատեսակների ներկայացվեցին սեփական եկամուտների կատարողականները։ Համայնքների ղեկավարներին առաջարկվեց զերծ մնալ աշխատավարձերի գծով պարտքեր առաջացնելուց, ինչպես նաև հետևողական լինել սուբվենցիոն ծրագրերի իրականացման ժամկետների և կատարվող աշխատանքների պատշաճ որակի ապահովման հարցում։ Նշվեց նաև, որ մարզպետարանը պատրաստակամ է մարզի համայնքներին ցուցաբերել մեթոդական և խորհրդատվական օգնություն ինչպես եկամուտների հավաքագրման, այնպես էլ տեղական բյուջեների նախագծերի կազմման գործընթացում։
Նիստն ամփոփեց մարզպետ Հայկ Ղալումյանը։