Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը». Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, աջակցում է Իջևանում աղբի կառավարմանը
23.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՀԿԽԸ-ի կողմից իրականացվող «Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունները բարձրացնելու համար աղբահավաք մեքենայի և աղբամանների տրամադրման» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքին հանձնել է 240 աղբաման և համապատասխան աղբահավաք մեքենա։ Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։
Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը և ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրել են նվիրատվության համաձայնագիր: Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիման, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
-Այս գործնթացը, որը տևել է մոտ 1.5 տարի այսօր հասավ իր տրամաբանական ավարտին: Շնորհակալ եմ այս շատ կարևոր նախաձեռնության համար, որը հուսով եմ կտա իր արդյունքն ու պտուղները՝ մեր քաղաքը, տարածաշրջանը ավելի գեղեցիկ ու բարեկարգ դարձնելու համար,-ողջունելով ներկաներին ասաց Հայկ Ղալումյանը:
-Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, մշտապես համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս ծրագրի պլանավորումը ևս իրականացվել է համատեղ և հիմնված է եղել համայնքի խիստ կարիքի վրա։ Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի բարելավումը Աղետների ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչներից է, որը, ուղղված լինելով աղետների կանխարգելմանը, նպաստում է համայնքի դիմակայունության բարձրացմանը և հետևաբար՝ կայուն զարգացմանը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտնում է իր շնորհակալությունը Ճապոնիայի կառավարությանը՝ ի դեմս ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիմայի, Իջևանի քաղաքի համար այսքան կարևոր նախաձեռնությանն աջակցելու, ինչպես նաև մարզպետարանին և քաղաքապետարանին՝ սերտ համագործակցության համար, - ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։
Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ համայնքի կարիքներին արձագանքելու և աջակցության տրամադրման համար։ Նա շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել հյուրերին։
- Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Իջևան քաղաքում՝ համայնքի կարողությունների բարձրացմանն ուղղված աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրման եզրափակիչ արարողությանը։ Ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ զգալիորեն կբարելավվի Իջևանի կենցաղային թափոնների կառավարման համակարգը, - նշեց ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիման։
Իջևանի քաղաքապետարանն ապահովելու է աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։