Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բերդ համայնքի Այգեպար բնակավայր է ներկրվել 100 հնդկահավ
15.09.2020
Հայաստանի թռչնաբույծների միության նախաձեռնությամբ, համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Տավուշի մարզպետարանի հետ, բարեգործական նպատակով, սեպտեմբերի 12-ին 100 հնդկահավ է ներկրվել Բերդ համայնքի Այգեպար բնակավայր: Իննսուն օրական հնդկահավերի հետ բերվել էր նաև մի քանի օրվա կեր՝ մինչև գյուղացիները սեփական ուժերով կկարողանան դա ձեռք բերել և անցնել նախատեսված ծրագրով կերակրման ռեժիմին:
Միջոցառմանը ներկա էր մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը: Բարեգործական ակցիայից օգտվեց հիսուն շահառու ընտանիք, որոնցից յուրաքանչյուրին տրվեց երկուական հնդկահավ՝ դրանք պահելու ու բազմացնելու նպատակով: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն ասաց, որ ցանկություն ունեն նման նվիրատվություններն ավելի հաճախակի դարձնել, իսկ հետագայում դա վերածել ուղղակի աշխատատեղերի ստեղծման հենց տեղում: Նշեց, որ առաջիկայում մտադիր են սահմանամերձ գոտու համայնքներում, մասնավորապես Բերդի տարածաշրջանում, թռչունների մորթի փոքր արտադրամաս կառուցել, որը հնարավորություն կտա համայնքներում պահվող թռչնագլխաքանակները սպանդի ենթարկել պահանջվող ստանդարտներին համապատասխան և անասնաբուժասանիտարական պայմաններում: Կան նաև այլ ծրագրեր, որոնք, ըստ Սերգեյ Ստեփանյանի, պետական աջակցության ծրագրերի մեջ ներառվելու դեպքում, բնականաբար, ավելի մեծ արդյունք կապահովեն: