Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի զբոսաշրջության միասնական հարթակ է ստեղծվել
24.02.2020
Այցելի՛ր Տավուշ, բացահայտի՛ր Տավուշն ու մարզի բնական և պատմամշակութային գրավչությունները, զգա՛ մեր ջերմությունը:
Տավուշի մասին մեկ ընդհանուր տուրիստական պատկեր կստեղծի https://visit-tavush.com/ եռալեզու կայքը:
ԵՊՀ համալսարանի Իջևանի մասնաճյուղում «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն ներկայացրեց https://visit-tavush.com/ կայքը, 2019 թվականին ՀԿ-ի ձեռքբերումները և 2020 թվականի պլաններն ու նախագծերը, զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:
«Կայքն առաջին հերթին տուրիստներին համակարգված ինֆորմացիա տալու խնդիրն է լուծում, երկրորդը՝ ներդրողները կարող են այցելել կայք և տեսնել՝ տուրիստական տեսանկյունից ի՞նչ գրավչություներ և առավելություներ կան: Երրորդը՝ զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրենց ծառայությունները համակարգված ձևով կարող ենք կայքի միջոցով հասանելի դարձնել տուրիստներին»,- «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Գոռ Ալեքսանյան:
Զբոսաշրջությունը Տավուշի մարզի ռազմավարության հիմնական գերակայություններից մեկն է, և Տավուշի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու համար՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2020 թվականի ռազմավարության հիմնական կետերից առանձնացրեց զբոսաշրջային սեզոնի երկարացումը, աշխարհագրական տարածականության ապահովումը՝ ներառելով բոլոր համայնքներն իրենց հնարավորություններով: Մարզպետը կարևորեց մարզի զբոսաշրջության զարգացման մեջ նաև համայնքի մասնակցությունը:
«2020 թվականը տուրիզմի զարգացման առումով պետք է հայտարարել արշավ դեպի դպրոցներ: Սա երկկողմանի արժեք ունի. երեխաներին էլ է պետք իրենց հայրենիքն ու բնակավայրն ավելի լավ ճանաչել: Ճանաչելուց հետո սիրել ու կապվել այդ բնակավայրին, բացառել այդ բնակավայրից հետագայում իրենց հեռանալը»: